ԱԺ-ում քննարկվում է «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը

ԱԺ-ում քննարկվում է «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Ըստ նախագծի սահմանվում են պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման և իրականացման, պարտադիր զինվորական ծառայությանը նախապատրաստման, զինապարտների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, պարտադիր զինվորական ծառայությունից ազատումների և տարկետումների, զինծառայողներին պաշտոնի նշանակման և ազատման, զինվորական կոչումների շնորհման հարցերը:

Բացի այդ, նաև՝ զինվորական ծառայությունից արձակելու և այլ հարաբերությունները, պահեստազորում հաշվառման կարգը, պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումները և դրանցում քաղաքացիներին ներգրավվելու ընթացակարգերը, զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների և նրանց հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքները:

Նախագիծը ներկայացնում է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Հարցուպատասխանի ընթացքում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարությանը հարց բարձրացրեց ոլորտային գնումների մասին. «Մենք առաջարկել էինք, որ պաշտպանության մասին օրենքում նոր հոդված լինի, որը վերաբերում է տեղական արտադրողներից գնումներին: Մենք առաջարկում էինք, որ ամեն տարի ռազմական ծախսերի հետ կապված 2 տոկոս աճ ցույց տանք, գնումների մասով: Օրենքի ուժով նշված նորմը ուղերձ կլինի տեղական արտադրողներին, քանի որ ՊՆ-ն ամեն տարի 2 տոկոս ավել գնում է անելու»,-նշեց պատգամավորը:

Ի պատասխան հարցին նախարարը հայտնեց, որ դա բարի ցանություններով ճանապարհ է հարթվում դեպի դժոխք, քանի որ ոչ մի ավելի վատ բան, քան պաշտպանված ներքին արտադրողը՝ առանց մրցակցության, արդյունավետության առումով չի կարող լինել: «Այսօր ԶՈՒ ձեռքբերումների գերակշիռ մեծամասնությունը՝ թիկունքային ապահովման մասով 80 տոկոսին մոտ, սպառազինության մասով՝ աճող տեմպերով նաև ներքին արտադրողից ձեռք բերելու հնարավորությունն է: Բայց եթե որևէ րտադրող արտադրում է ապրանք ավելի էժան գնով և ավելի բարձր որակով՝ այլ տեղ, մենք պետք է հասկանանք, թե ԶՈՒ բյուջեն ինչպես ենք ծախսում»,-նշեց ՊՆ նախարարը:

Վիգեն Սարգսյանը նաև հայտնեց, որ արտադրությունների մրցույթներում հաղթած արտադրողների հետ նաև բանակացություններ են տանում արտադրությունները սահմանամերձ գոտիներ տեղափոխելու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել