Նորություններ

Մեղադրողը միջնորդեց ցմահ ազատազրկման դատապարտել

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց փորձագետ Կարեն Վարդանյանի դաժան սպանության գործով դատավարությունը՝
դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ։

Այս գործով դատավարությունը թևակոխել է վիճաբանության փուլ։ Այսօր մեղադրող դատախազ Վիգեն Պետրոսյանը ընթերցեց մեղադրական ճառը․ «Ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ՝ հասարակության անդամների ներկայությամբ, նշել առաջադրված մեղադրանքների էությունը, բովանդակությունը, ինչպես նաև անդրադառնալ դրանց վտանգավորության աստիճանին և բնույթին, մեղսագրված արարքներում ամբաստանյալների կենսագործման հարցերին»։

Մեղադրողն խոսքում նշեց, որ Գևորգ Զոհրաբյանին մեղադրանք է առաջադրվել  այն արարքների համար, որ նա Արթուր Միհրանյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, վստահությունը չարաշահելու և խաբեության միջոցով գաղտնի առևանգել է Կարեն Վարդանյանին։ Այնուհետև նրանք միասին շահադիտական դրդումներով, դիտավորությամբ, ապօրինաբար զրկել կյանքից Կարենին և հափշտակել են Կարենի բնակարանը: Մասնավորապես, 2015 թվականի սեպտեմբերի 2-ին Կարեն Վարդանյանն իրեն պատկանող Երևանի Լենինգրադյան փողոցի վրա գտնվող բնակարանը գործով չպարզված հանգամանքներում նվիրել է Գևորգ Զոհրաբյանին:

Մեղադրողը ներկայացրեց Գևորգ Զոհրաբյանի կողմից այդ բնակարանը վաճառելու հայտարարություն տարածելու հանգամանքը և շեշտեց, որ այն վաճառվել է 43.000 ԱՄՆ դոլարով, որից ստացված գումարի մի մասը՝ 19500 ԱՄՆ դոլարը, պարտավորվել է վերադարձնել Կարեն Վարդանյանին:

Նախապես մտադրված լինելով Կարեն Վարդանյանին չվճարել բնակարանի գրավադրման դիմաց ստացած և իր կարիքների համար ծախսված 16 200 ԱՄՆ դոլարը, ինչպես նաև բնակարանի վաճառքից ստացված 9 493 575 ՀՀ դրամին համարժեք՝ 12500 ԱՄՆ դոլարը և ստացվելիք 7000 ԱՄՆ դոլարը, Գևորգ Զոհրաբյանն որոշել է սպանել Կարեն Վարդանյանին և այդ եղանակով տիրանալ նրա գումարին:

Վիգեն Պետրոսյանն իր մեղադրական ճառում խոսեց նաև Գևորգ Զոհրաբյանի և Արթուր Միհրանյանի պայմանավորվածությունների մասին, որում հատկապես ընդգծեց, որ ամբաստանյալ Գևորգը խոստացել էր գումարը տրամադրել Արթուրին, եթե նա մտներ այդ «գործարքի» մեջ:

Մեղադրական ճառով ներկայացվեց նաև այն դրվագը, թե ինչպես են առևանգել Կարեն Վարդանյանին և փորձել քնահաբեր գցել նրա ջրի մեջ, որպեսզի սպանության գործն ավելի հեշտացնեն:

Վիգեն Պետրոսյանն իր մեղադրական ճառում մանրամասնորեն ներկայացրեց նաև սպանության առանձնակի դաժանության աստիճանը՝  Գևորգն ու Արթուրը տեսնելով, որ այդ դեղահաբերը չեն ազդում Կարենի վրա, դրսից քարեր են հավաքել և այդ քարերով այնքան հարվածել մինչև Կարենը մահացել է։ 

Մեղադրողը դատարանին միջնորդեց որպես պատիժ ցմահ ազատազրկել Գևորգ Զոհրաբյանին և Արթուր Միհրանյանին։

Երբ ավարտվեց մեղադրական ճառի ընթերցումը, ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանը դատարանին դիմեց և ասաց, որ իրեն լավ չի զգում:  Նրա առողջական վիճակի անկայուն վիճակից ելնելով դատական նիստը հետաձգվեց:

Սերգեյ Հակոբյան

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել