Ի՞նչ անել, եթե Ձեզ շահագործում են աշխատավայրում

Եթե Ձեզ աշխատավայրում շահագործում են, այսինքն, լրացուցիչ աշխատեցնում ու չեն վճարում, ապա փորձեք ինչ-որ կերպ փաստը արձանագրել: Այսպիսի խորհուրդ է տալիս փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը՝ նախատեսվածից ավել աշխատող, բայց աշխատաժամերին համապատասխան չվարձատրվող անձանց:

Աշխատանքային օրենսգիրքը հստակ սահմանում է, որ շաբաթական 40 ժամից ավել չի կարելի աշխատաժամանակ սահմանել աշխատողի համար: Որոշ դեպքերում կարող է լինել 48 ժամ, բայց դա հստակ պետք է սահմանված լինի՝ ինչո՞ւ և ե՞րբ:

Փաստաբանի խոսքով՝ օրենսգիրքը սահմանում է 48 ժամ, բայց շատ գործատուներ ստիպում, հորդորում կամ պահանջում են, որպեսզի աշխատողները ավելի երկար աշխատեն:

«Ցավոք, այդ պարսավելի պրակտիկան կա մեզ մոտ՝ Հայաստանում: Ես ունեմ ծանոթներ, որոնք բողոքում են, բայց շարունակում են աշխատել: Սակայն պետք է նշեմ նաև, որ չեմ հանդիպել դեպք, որ աշխատողը կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ արդարությունը վերականգնելու համար: Ես գիտեմ, որ լոկալ լուծումներ տրվում են, բայց շատ են դեպքերը, երբ աշխատացնում են և ոչինչ չեն տալիս»,-նշեց նա:

Աշխատողները վախենում են բողոքել, ինչ որ գործուն քայլերի դիմել, քանի որ նրանք վախ ունեն, որ կկորցնեն արդեն եղած աշխատանքը:

Վարչական օրենսգիրքը այդպիսի գործատուների համար սահմանում է սանկացիա՝ առաջին անգամ նախազգուշացում, երկրորդ անգամ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով տուգանք:

«Այստեղ նաև մի խնդիր կա. աշխատողը պետք է կարողանա ապացուցել, որ նա արտաժամյա աշխատել է, իսկ դա այդքան հեշտ չէ: Եթե աշխատողի մուտքն ու ելքը հաշվառվում է և մատյանները գործատուի մոտ պահվում են, ապա կարող է ապացուցել, բայց շատ գործատուներ չունեն նման մատյաններ»,-ասաց նա՝ հավելելով, որ մեր աշխատանքային օրենսգրքի բացերից մեկը այն է, որ այս գործով դատարան դիմելու համար ընդամենը երկամսյա ժամկետ է սահմանված, իսկ որպես կանոն՝ դա ավելի ուշ է տեղի ունենում:

Գրիգոր Բեքմեզյանը խորհուրդ է տալիս փաստեր հավաքել՝ արդարության վերականգնման համար:

Էլեկտրոնային նամակ գրեն գործատուին. «Իմ աշխատանքային ժամն ավարտվել է, բայց ես դեռ գտնվում են աշխատավայրում, պատասխանեք, թե ինչո՞ւ ինձ լրացուցիչ չեք վարձատրում» կամ նամակ գրեք, որ դրա մեջ ֆիքսվի ժամը, որ աշխատողը դեռ այդ ժամին եղել է աշխատավայրում: Այս ձևով դուք հնարավորություն կունենաք դատարանում ապացուցել, որ դուք այդ ժամին գտնվել եք աշխատանքի վայրում. «Եթե նման խնդիր կա, և նրանք պատրաստ են նման գործողություններ ձեռնարկել, թող չալարեն, չզլանան ու խոսեն իրավաբանի հետ, ստրատեգիա մշակեն, որպեսզի կարողանան ապացույցներ հավաքագրել: Դրանով նրանք կարող են այդ լրացուցիչ ժամերի համար լրացուցիչ վարձատրություն ստանալ, որը էլի ֆինանսական և բարոյական վնասը կարող է ծածկել»:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել