Նախագիծը հնարավորություն է տալիս պաշտոնատար անձանց բացել գաղտնիության քողն ու ներս մտնել ընտանիք. Արա Զոհրաբյան

Բռնության դեմ պայքարելով ընտանեկան ինստիտուտը չպետք է ոչնչացնել․ ներկայացվող նախագիծը հնարավորություն է տալիս պաշտոնատար անձանց բացել ընտանիքի գաղտնիության քողն ու ներս մտնել ընտանիք․ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ իր կարծիքը հայտնեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Նշենք, որ Փաստաբանների պալատում այսօր՝ հոկտեմբերի 18-ին թեմայի շուրջ կլոր սեղան-քննարկմանը ներկա էին ինչպես պալատի ներկայացուցիչները, այնպես էլ ոստիկանությունունից, ՄԻՊ գրասենյակից, հասարակական տարբեր կազմակերպություններից հրավիրյալներ:

Նախագծում նշվում է, որ վերջին տարիներին ընտանեկան բռնության տարածվածությունը և դրա ծանր հետևանքներն ավելի և ավելի մտահոգիչ են դառնում: Միայն պաշտոնական վիճակագրության համաձայն ` 2016թ. 8 ամիսների ընթացքում գրանցվել է կանանց դեմ ընտանեկան բռնության 452, 2015թ.` 784, 2014 թ.՝ 575, 2013թ.՝ շուրջ 500, 2012թ.ին՝ 625 միջադեպ: Ավելին, ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին ընտանեկան բռնության համատեքստում սպանությունները կազմում են հանրապետությունում գրանցված սպանությունների 17 տոկոսը:

ՄԻՊ աշխատակազմի մարդու իրավունքների հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Լուսինե Սարգսյանն ընդգծեց, որ հարցը միայն մի կողմից է քննարկվում. «Մենք դիտարկում ենք միայն կնոջ և տղամարդու միջև առկա խնդիրները, սակայն վիճակագրական տվյալները՝ ոստիկանության կողմից ներկայացված, ցույց են տալիս, որ առկա են բավական մեծ թվով դեպքեր, երբ մեծահասակ ծնողներն են հենց բռնության ենթարկող անձիք»,-նշեց նա:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի փաստաբան Մարիամ Զադոյանը նշեց, որ օրինագծի ընդունման անհրաժեշտությունն առկա է, քանի որ ներկայիս օրենսդրությամբ բացակայում են այնպիսի լծակներ, որոնց միջոցով հնարավոր կլինի կանխել ընտանեկան բռնությունը: Միևնույն ժամանակ փաստաբանը համամիտ է իր գործընկերների կողմից բարձրացված այն մտահոգությունը, որ նախագծում մի շարք դրույթներ անկատար են, հետևաբար, հայեցողությունների և կոռուպցիոն ռիսկերի տեղիք են տալիս:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել