Ընտանեկան բռնության ենթարկված կինը խորհրդարանական լսումների ժամանակ պատմեց իր պատմությունը

Բռնություն վերապրած կանանցից մեկը՝ Հասմիկ Խաչատրյանը ԱԺ-ում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի վերաբերյալ ընթացող խորհրդարանական լսումների ժամանակ պատմեց իր պատմությունը:

«Ինը տարի շարունակ ենթարկվել եմ ընտանեկան բռնության, այդ տղամարդու հետ համատեղ կյանքում ունեցել ենք երկու երեխա: Չորս-հինգ տարի է անցել այդ դժբախտությունից, ամենադժվարը այն պահն էր, երբ քննիչը եկավ ու այսպիսի արտահայտություն արեց. «Հել, գնա տուն: Բոլոր ընտանիքներում էլ մարդը ծեծում ա կնգան»:

Ես պատսպարվելու տեղ չունեի, մնացել եմ «Կանանց աջակցության կենտրոն»-ի ապաստարանում: Սա միակ տեղն էր, որտեղ ես ինձ ապահով էի զգում ու բռնությունից հեռու:

Ես տանից փախել եմ գիշերը, ուղղակի կյանքս եմ փրկել՝ առանց իմ երեխաների ու դրանից հետո ես ամիսներ շարունակ չէի կարողանում իմ երեխաներին տեսնել, նույնիսկ խոսել նրանց հետ:

Հայրը ասում էր՝ երբ կգնաս ու քրեական գործը հետ կվերցնես ու կասես, որ ես քեզ չեմ ծեծել, այն ժամանակ էլ կտեսնես երեխաներին: Չկար որևէ մի կառույց, որի դուռը ես կարողանայի թակել ու ասել, որ ուզում եմ իմ երեխաներին տեսնել: Իմ երեխաները իմ ձեռքը քնած էին քնում, առանց ինձ ոչ մի տեղ չէին գնում, այդ երեխաները ինձ ընդհանրապես չէին տեսնում: Մեկ տարի շարունակ ես սպասում էի, թե երբ դատարանի որոշում կլինի, թե երեխաները ինձ, թե իրենց հոր հետ պիտի ապրեն: Դատարանի որոշումը մի տարի ձգվեց: Տղայիս պահում էին իրենց մոտ, բայց քանի որ աղջիկս հիվանդ էր, հաշմանդամություն ունի, դրա համար էլ տվել էին ինձ: Ամենամեծ խնդիրն այն էր, որ դատարանից որոշում ունեի ու պիտի արդեն ԴԱՀԿ կատարեր իր աշխատանքը, բայց ԴԱՀԿ-ն պարզապես գնում էր, տղայիս հարցնում էր՝ Համլետ, ուզո՞ւմ ես գնալ մամայիդ մոտ, տղաս ուղղակի ասում էր՝ չէ, որովհետև տղաս չգիտեր, թե գիշերով իր մայրը ինչ վիճակում է տանից դուրս եկել, ինչպես է ապրում, ասում էր՝ չէ, չեմ գնալու: Ամբողջ մի ԴԱՀԿ ծառայութուն իմ երեխային, երեք տարի շարունակ չէր տալիս ինձ:

Ես ինը տարի շարունակ մնացել եմ այդ տանը, քանի որ մտածել եմ, որ իմ երեխաներին ինձ չեն տա: Նրանք ունեն լծակներ, ծանոթներ:

Կարծում եմ՝ ընտանեկան բռնության կանխարգելման մասին այս օրենքի ընդունումով շատ կանայք իրենց պաշտպանված կզգան»,-պատմում է Հասմիկ Խաչատրյանը:

Լուսանկարը՝ Chai Khana-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել