Նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 16-ին ընդունեց Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին։

Նախարար Վահան Մարտիրոսյանը, ողջունելով դեսպանին, կարևորեց տնտեսության տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը՝ առանձնացնելով հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում ձևավորված ամուր գործակցությունը:

Ներկայացնելով վերջին շրջանում Հայաստանում անցկացված ՏՀՏ համաժողովները, դրանց արդյունավետ անդրադարձը ոլորտի մասնագետների կարողությունները համատեղ ծրագրերում ներգրավելու գործում, նախարարն առաջարկեց գործակցային կապերն առավել սերտացնելու նպատակով շվեյցարական ընկերությունների հետ ևս նման համաժողովներ կազմակերպել։

Շնորհակալություն հայտնելով առաջարկի համար՝ դեսպան Լուկաս Գասսերն ընդգծեց, որ կան ամուր հիմքեր ՏՀՏ ոլորտում գործակցությունն ավելի ընդլայնելու և առավել խորացնելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև համագործակցության այլ հնարավորություններ՝ մասնավորապես տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում։

Նախարարն ընդգծեց շվեյցարական ընկերությունների առաջադեմ փորձը ուղևորափոխադրումների կառավարման ոլորտում, առաջարկեց, որպեսզի նրանք իրենց մասնակցությունն ունենան Հայաստանում միասնական երթուղային ցանց ստեղծելու ծրագրում։

Քննարկվեցին նաև ճանապարհաշինության ոլորտում համագործակցության հեռանկարները և երկու երկրների միջև տրանսպորտային փոխադրումներն առավել ակտիվացնելու հնարավորությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել