Մեկնարկեց «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» եռօրյա միջազգային համաժողովը

Հոկտեմբերի 11-ին Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան ընդառաջ, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանի դահլիճում մեկնարկեց «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» եռօրյա միջազգային համաժողովը, որի նպատակն է առավել արդյունավետ դարձնել Եվրոպայի և ԱՊՀ երկրների միջև տարածաշրջանային երկխոսությունն ու համատեղ գործողությունների մշակումը՝ հաշվի առնելով տարածաշրջանում աղետների ռիսկերի նվազեցման (ԱՌՆ) մարտահրավերները: Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԱԻ նախարարությունը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամը:

Հայաստանի կողմից առաջարկվող միջազգային այս հարթակը հիանալի հնարավորություն է Եվրոպայի և ԱՊՀ տարածաշրջանի բոլոր մասնակիցների համար՝ ներկայացնելու իրենց ազգային քաղաքականությունները, լավագույն փորձը և բացահայտված թերությունները: Համաժողովը նաև 2017թ. Մեքսիկայի Կանկուն քաղաքում տեղի ունեցած Գլոբալ պլատֆորմի ընթացքում սկիզբ առած երկխոսության շարունակությունն է:

Համաժողովին մասնակցում էին ազգային օրենսդիր և գործադիր իշխանությունների, մարզային և քաղաքային կառավարությունների, ԱՌՆ ոլորտում գործող միջազգային և տեղական կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Եվրոպայի և ԱՊՀ մասնակից երկրների ՄԱԿ-ի ԱՌՆ մասնագետներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: Նախարարը շնորհակալություն հայտնեց համաժողովի մասնակից երկրների և կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ իրենց գիտելիքն ու փորձը կիսելու պատրաստակամության համար՝ վստահություն հայտնելով,որ միջոցառումը հրաշալի հնարավորություն է ընդլայնելու տարբեր գործընկերների միջև համագործակցության դաշտը:

– Մերօրյա ժամանակներում աշխարհում ծավալվող զարգացման գործընթացները և դրանց աննախադեպ արագությունը շարունակաբար մեծացնում են խոցելիությունը տարբեր տեսակի բնական և տեխնածին վտանգներից՝ ավելացնելով նորանոր ռիսկեր: Այս պայմաններում կառավարությունները, խորհրդարանները, մասնավոր և գործարար հատվածները, գիտահետազոտական կենտրոնները, քաղաքացիական հասարակությունն ու միջազգային դերակատարները պետք է միավորեն իրենց ջանքերը՝ աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում համընդհանուր խնդիրների համակարգման, համագործակցության առավել արդյունավետ ձևաչափերի և փոխօգնության մեխանիզմների կազմակերպման նպատակով՝ այս կերպ աջակցելով տարբեր երկրների ազգային անվտանգության ապահովման և կայուն զարգացման օրակարգին, -նշեց նախարարը:

ԱԻ նախարարն իր խոսքում կարևորեց նաև խորհրդարանների և պատգամավորների դերը ցանկացած երկրում դիմակայունության մշակույթի ներդրման հարցում՝ նշելով, որ եռօրյա միջոցառումը նշանավորվում է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում թեմատիկ խորհրդարանական լսումների անցկացմամբ:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ իր խոսքում անդրադարձավ տարածաշրջանում աղետների ռիսկի մեծացմանը նպաստող գործոններին և այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին:
-Մենք կարող ենք դիմագրավել աղետներին, եթե համատեղենք մեր ջանքերն ու ծրագրային գործողությունները, և որ ամենակարևորն է, այս գործում թիվ 1 աջակիցը դարձնենք հանրությանը,-նշեց Արծվիկ Մինասյանը
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն ողջույնի իր խոսքում հատկապես կարևորեց համաժողովի դերը տարածաշրջանային երկրների միջև համագործակցության խորացման հարցում՝ ընդգծելով

Հայաստանի՝ տարածաշրջանում ունեցած առաջնորդի դերը:
Հաջորդիվ ելույթներ ունեցան և համաժողովի մասնակիցներին ողջունեցին նաև ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը, ՄԱԿ-իզարգացման ծրագրի Կլիմայի, աղետների, էներգիայի, քաղաքականության, և ծրագրային աջակցության բյուրոյի մասնագիտական խմբի ղեկավար Ջո Շուոերը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն:

Միջազգային կազմակերպությունների և գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց ելույթներում ընդգծեցին ռազմավարությունների դերը երկրի դիմակայունության բարձրացման և կայուն զարգացման հարցում՝ կարևորելով նաև միջազգային համաժողովի անցկացումը` որպես ոլորտի խնդիրների քննարկման արդյունավետ ձևաչափ:

Համաժողովի առաջին աշխատանքային օրվա հաջորդ երկու նիստերի թեմաներն էին՝ Պետական-մասնավոր ոլորտների գործընկերությանն ուղղված ազգային քաղաքականությունները և ռազմավարությունները, գործընկերության լավագույն գործելակերպերը Եվրոպայի և ԱՊՀ տարածաշրջանի երկրներում,ինչպես նաև՝ դիմակայունության ստեղծման առկա գործիքներն ու գործելակերպերը:

Համաժողովի 3-րդ օրը՝ հոկտեմբերի 13-ին, ՀՀ Ազգային ժողովում կկայանան խորհրդական լսումներ, որոնց արդյունքում կներկայացվի առաջարկությունների փաթեթ:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել