Դրական ցուցանիշներ կոռուպցիոն հանցագործությունների շարժընթացում

ՀՀ գլխավոր դատախազությունը վերլուծել է 2016 և 2017 թվականների 1-ին կիսամյակներում կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով նախապատրաստված նյութերի նկատմամբ հսկողության, հետաքննության և նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարման ու դատարանում մեղադրանքի պաշտպանության արդյունքները:

Ըստ այդմ՝ 2017թ. 1-ին կիսամյակում վարույթ է ընդունվել կոռուպցիոն բնույթի ընդհանուր առմամբ 356 քրեական գործ: Վարույթ ընդունված քր. գործերով քրեական հետապնդում է իրականացվել 195 անձի նկատմամբ, ինչը 43,38-%ով ավելի է 2016թ. 1-ին կիսամյակին վարույթ ընդունված գործերով քր. հետապնդման ենթարկված անձանց քանակից (թվով՝ 139):

Նշված գործերով մեղադրյալներից 35-ը գտնվել է նախնական կալանքի տակ (այդ թվում՝ 3 դատավոր, որոնցից մեկը դատարանի նախագահ, 1 դատախազ, քննչական կոմիտեի 2 քննիչ, մաքսային մարմնի 4 աշխատակից, ՀՀ ոստիկանության 4 աշխատակից, ՔԿՀ 3 աշխատակից և այլն), որը 2016թ.  1-ին կիսամյակի համեմատ (թվով 21 անձ) ավելի է 45,83-%ով:

Ավարտվել է 269 քրեական գործ, որոնցից 69-ը 117 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2017թ. առաջին կիսամյակում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերով անցնող մեղադրյալների թիվը 2016թ. 1-ին կիսամյակի համեմատ աճել է 91,8-%ով:

Այսինքն՝ 2016 և 2017 թթ. 1-ին կիսամյակներում գրեթե նույն քանակի ավարտված քրեական գործերի պայմաններում 2017թ. առաջին կիսամյակում 12,45%-ով աճել է մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերի, ինչպես նաև դրանցով անցնող մեղադրյալների /91,8%/ թիվը: Միաժամանակ 13%-ով նվազել է արդարացման հիմքով կարճված քրեական գործերի քանակը:

Ըստ կոռուպցիոն բնույթի՝ հանրային առավել մեծ ուշադրության արժանացող հանցատեսակների՝ հաշվետու ժամանակահատվածում քրեական շարժընթացն ունի հետևյալ պատկերը:

1.    ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով /պաշտոնեական լիազորությունները չարաշահելը/.
Այս տարվա հաշվետու ժամանակահատվածում հարուցվել է 70 քրեական գործ: Վարույթ ընդունված 82 քր.գործով քրեական հետապնդում է իրականացվել 32 պաշտոնատար անձի նկատմամբ: 27 անձի նկատմամբ (որից 3-ը` քրեակատարողական հիմնարկի աշխատակից, 2-ը` հարկային մարմնի աշխատակից, 2-ը` մաքսային մարմնի աշխատակից, 8-ը` ոստիկան, 3-ը` անձնագրային բաժնի աշխատակից, 2-ը` քննիչ և այլն) 15 գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատարանում քննվել է 15 գործ՝ 19 անձի վերաբերյալ: 14 գործով 18 անձ դատապարտվել է, որոնցից 8-ը` ազատազրկման:

Համեմատությունը ցույց է տալիս, որ 2016թ. առաջին կիսամյակի համեմատ  79,48%-ով ավելացել է հարուցված քրեական գործերի, 28,12%-ով՝ վարույթ ընդունված գործերի, 77,77%-ով կամ 14-ով դրանցով անցնող մեղադրյալների թիվը: Հատկանշական է, որ եթե 2016թ. պաշտոնական դիրքի չարաշահման համար դատի է տրվել 5 պաշտոնատար անձ 4 քրեական գործով, ապա 2017թ. նույն ժամանակահատվածում ՝ 27 պաշտոնատար անձ՝ 15 քրեական գործով: Ընդ որում շուրջ երեք անգամ աճել է դատարանում քննված գործերի, նույնքան անգամ՝ դատապարված  անձանց քանակը (2016-ի առաջին կիսամյակում՝ 5 անձ): Կրկնակիից ավելի աճել է ազատազրկման դատապարտված անցանց թիվը (2016-ի առաջին կիսամյակում՝ 3 անձ):

2.    ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ և 312-րդ հոդվածներով /կաշառք ստանալը և տալը/.
2016թ. 1-ին կիսամյակում հարուցվել է 21, վարույթ ընդունվել՝ 29 քրեական գործ, որոնցով անցել է 24 մեղադրյալ: 15 անձի նկատմամբ 8 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատարանում քննված 3 գործով դատապարտվել է 6 անձ, որից 2-ը ազատազրկման, 1-ը՝ տուգանքի, իսկ 3-ի նկատմամբ, կաշառք տալու համար, նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել:

2017թ. 1-ին կիսամյակում հարուցվել է 28 քրեական գործ վարույթ ընդունվել՝ 35 քրեական գործ, որոնցով անցել է 54 մեղադրյալ: 18 անձի նկատմամբ 12 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատարանում քննված 5 գործով դատապարտվել է 15 անձ, որից 5-ը` ազատազրկման, 4-ը` տուգանքի, 6-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ կաշառք տալու համար:

Դիտարկումը վկայում է, որ 2016թ. 1-ին կիսամյակի համեմատ 33,33%-ով աճել է  այս հոդվածով հարուցված քրեական գործերի, 125%-ով՝ վարույթ ընդունված գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանց, 50%-ով՝ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի, 20%-ով՝ դրանցով անցնող մեղադրյալների քանակը, ինչպես նաև ավելի քան կրկնակի՝ ազատազրկման դատապարտված անձանց թիվը:

3. ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածով /իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը/.
Հաշվետու ժամանակահատվածում հարուցվել է 36 քրեական գործ: Վարույթ ընդունված 39 քրեական գործով անցել է 16 մեղադրյալ: 5 գործ 13 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատարանում 100 անձի վերաբերյալ քննվել է 46 գործ: 42 գործով 69 անձ դատապարտվել է:

Մինչդեռ 2016թ. 1-ին կիսամյակում այս հոդվածով հարուցվել է 11 քրեական գործ: Վարույթ է ընդունվել 12 քրեական գործ, որոնցով քրեական հետապնդում չի իրականացվել: Իսկ դատարանում 11 անձի վերաբերյալ (2017թ. առաջին կիսամյակի համեմատ 89-ով պակաս) քննվել է 4 քրեական գործ (42-ով պակաս): 3 գործով 10 անձ (59-ով պակաս) դատապարտվել է:

2017թ. 1-ին կիսամյակում մինչդատական վարույթում նախապատրաստված և ավարտված նյութերով, ինչպես նաև ավարտված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված նյութական վնասը կազմել է 79 784 259 ՀՀ դրամ: Դրանից պետական գույքին պատճառված վնասի չափը կազմել է 75 048 359 ՀՀ դրամ: Վերականգնվել է 36 201 669 ՀՀ դրամի վնասը, որից՝  32 831 669 ՀՀ դրամի չափով՝ պետական գույքին պատճառված վնասից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել