Դատարանների ծանրաբեռնվածությունը կնվազեցվի

Այսօր կառավարության նիստին հավանության արժանացավ ««Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Ըստ փաստաթղթի՝ Էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով էլեկտրոնային կապ կստեղծվի նոտարների, բանկային և վարկային կազմակերպությունների միջև` նոտարին տրամադրելով էլեկտրոնային կնիք, էլեկտրոնային թվային ստորագրություն: Հնարավորություն կստեղծվի էլեկտրոնային եղանակով վավերացնել էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքված պայմանագրերը, կսահմանվեն էլեկտրոնային եղանակով վավերացման ենթակա էլեկտրոնային պայմանագրերի տիպային ձևերը և դրանց էլեկտրոնային վավերացման կարգը: Նախատեսվող կարգավորումների արդյունքում կընդլայնվի կատարողական մակագրության թերթի տրամադրման ինստիտուտը, որը կնպաստի նոտարական գործողությունների ճիշտ և արագ կատարմանը և քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը: Բացի այդ, կնվազեցվի նաև դատարանների ծանրաբեռնվածությունը:

Հավանության է արժանացել ««Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որի նպատակն է լուծել գործնականում առկա խնդիրները: Փոփոխության համաձայն՝ ՀՀ տարածքից դուրս փրկարարական աշխատանքներում ՀՀ փրկարար ուժերը կներգրավվեն ոչ թե կառավարության, այլ` վարչապետի որոշմամբ:

Հավանության է արժանացել նաև «Ոստիկանության մասին» և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան դեպքի վայրի պահպանության ոլորտում հետաքննության մարմինների գործողությունները: Մասնավորապես, հստակեցվում է հետաքննության մարմնի՝ դեպքի վայրի պահպանության լիազորությունը:

Գործադիրը հավանություն է տվել մի շարք համաձայնագրեր վավերացնելու մասին ՀՀ օրենքների վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնություններին: Օրենքների ընդունման արդյունքում կապահովվեն համաձայնագրերի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:
Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Գործադիրն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ նախագծով առաջարկվող փոփոխությունը դիտարկելով վերոնիշյալ օրենքի և ՀՀ օրենսդրության համապատասխան կարգավորումների հետ համակարգային կապի մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել