Նորություններ

«Դիմեդրոլը» ոչ թե Կարենի, այլ հորս համար եմ գնել.Կարեն Վարդանյանի գործով ամբաստանյալը հերքեց իր նախաքննական ցուցմունքը

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով դատաքննությունը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ: 

Դատական նիստի ընթացքում հարցաքննվեց գործով ամբաստանյալ Արթուր Միհրանյանը: Նա, պատասխանելով գործով մյուս ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի՝ Կարեն Վարդանյանի սպանությանն առնչվող հարցերին, մասնավորապես նշեց, որ սպանությունն ինքը միայնակ է կատարել:

«2016-ի մարտի 17-ին ես Գևորգ Զոհրաբյանին հանդիպել եմ Լենինգրադյան փողոցում, ապա միասին գնացել ենք Սասունցի Դավթի կայարան, որտեղ և հանդիպել ենք Կարեն Վարդանյանին: Նա պետք է Վրաստանով մեկներ Դուբայ, իսկ Գևորգն ինձ հետ եկավ Վրաստան, ինչքանով տեղյակ եմ, մեքենայի հարցերի հետ կապված: Հայրս հիվանդ էր, և ես դրա համար գումար խնդրեցի Կարենից: Նա ասաց կտա, հետո ասաց՝ գնա-գա Դուբայ, նոր կտա: Այդտեղից սկսվեց վիճաբանությունը, ինչպես նաև նրանից, որ Կարենն ասում էր՝ դանդաղ եմ մեքենան վարում, հետո խոսքից խոսք շարունակվեց վիճաբանությունը: Ես նրա հետ վիճում էի, հարվածում, իսկ Գևորգը փորձում էր մեզ բաժանել: Հետո Գևորգը մեր վիճաբանությունից վախեցել և փախել էր, ես մենակ էի, երբ Կարեն Վարդանյանի մահը վրա հասավ»,– պատմեց ամբաստանյալ Արթուր Միհրանյանը:

Ապա մանրամասնեց, որ իր մոտ եղել է Գևորգ Զոհրաբյանի ավտոտնակի բանալին, և նա միայնակ է Կարեն Վարդանյանի դին տարել այնտեղ և փոսում թաղել:

Միջադեպի վերաբերյալ մյուս մանրամասները ներկայացնելուց հետո գործով դատախազ Վիգեն Պետրոսյանը միջնորդեց, որպեսզի հրապարակվի նախաքննական ցուցմունքը, քանի որ առկա են ակնհայտ հակասություններ: Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Ամբաստանյալ Արթուր Միհրանյանը գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել է 4 անգամ, և միայն վերջին նախաքննական ցուցմունքի մեջ, երբ հարցաքննությանը ներկա է եղել նաև իր պաշտպան Մարինե Ֆարմանյանը, նշել է, որ սպանությանը Գևորգ Զոհրաբյանի մասնակցության վերաբերյալ ցուցմունքները հերքում է, իսկ մյուս հանգամանքները ճիշտ են:

Նախաքննության ժամանակ ամբաստանյալ Միհրանյանը նշել էր, որ Գևորգի հետ նախապես են պլանավորել սպանությունը, գնել է «Դիմեդրոլ»՝ Կարենին ճանապարհին քնեցնելու համար, սակայն դատարանում հարցաքննության ժամանակ նա նշեց, որ պլանավորված չի եղել սպանությունը, և այդ դեղը գնած է եղել իր հոր համար, քանի որ նա հիվանդ է եղել:

Նախաքննական և դատավարական հարցաքննության ընթացքում ներկայացված ցուցմունքներում առկա հակասություններն ամբաստանյալը բացատրեց նրանով, որ նախաքննության ժամանակ իրեն ուղղորդել են և ինքը եղել է շոկային վիճակում: Թեև դատարանի հարցերին, թե ովքե՞ր են իրեն ուղղորդել, թելադրել, որ այդ ցուցմունքը գրի, հստակ որևէ  պատասխան չտվեց։ Նա պնդեց, որ դատարանում ներկայացրած ցուցմունքն է ճիշտ:

Այսօր ավարտվեց ամբաստանյալ Արթուր Միհրանյանի հարցաքննությունը:Եվ, հաշվի առնելով պաշտպան Մարինե Ֆարմանյանի զբաղվածությունը, դատարանը որոշեց նիստը հետաձգել:

Կարեն Վարդանյանի սպանության գործով դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:30-ին:

Արմինե Ալոյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել