Բացվել է Բավրայի նորակառույց սահմանային անցման կետը

Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ՝ մասնակցելու Բավրայի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը: Բավրայի անցակետի շահագործման հանձնմամբ ամբողջանում է Հայաստանի հյուսիսային մաքսային դարպասների արդիականացման ծրագիրը: Այս անցակետը վերջին շրջանում շահագործման հանձնված երրորդ ժամանակակից կառույցն է՝ Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված անցակետերից հետո:

Բավրայի սահմանի անցման կետը կառուցվել է Եվրոպական միության և Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսական աջակցությամբ և իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցման կետերի արդիականացման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 54.43 մլն եվրո:

ՀՀ պետական սահմանի անցակետերի արդիականացման գործընթացը մեկնարկել է դեռևս 2010 թվականին՝ «ՀՀ սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարություն հաստատելու մասին» Հանրապետության Նախագահի կարգադրությամբ, որին հաջորդել է միջոցառումների ծրագրի հաստատումը:

Նորաբաց անցակետի շինարարական աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2013 թվականին: Տասնմեկ հեկտար տարածքի վրա կառուցված անցակետը, որն ունի նաև ուղղաթիռային հարթակ, զինված է ժամանակակից տեխնիկական բոլոր միջոցներով:

Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել սահմանային անցակետի տարածքում, ծանոթացել ստեղծված պայմաններին և մատուցվող ծառայություններին: Նախագահ Սարգսյանին զեկուցվել է, որ անցակետում գործող ժամանակակից չափանիշներին համապատասխանեցված «1 կանգառ, 1 պատուհան» էլեկտրոնային համակարգը հնարավորություն է տալիս մեկ վայրում կենտրոնացնել սահմանային ծառայություն իրականացնող բոլոր կառույցների գործունեությունը և ապահովել տեղեկատվության սահուն փոխանակում բոլոր պատկան ծառայությունների միջև:

Պատասխանատուների հավաստմամբ՝ արդիական ենթակառուցվածքների ներդրումը դրականորեն կանդրադառնա Վրաստանի, ինչպես նաև երրորդ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության և ուղևորաշրջանառության ծավալների վրա, նոր հնարավորություններ կստեղծվեն դեպի Իրան և Իրանից դեպի եվրոպական ու ԵԱՏՄ երկրներ, ինչպես նաև Վրաստան տարանցիկ փոխադրումների համար, կմեծանա Վրաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ զբոսաշրջային հոսքը, կընդլայնվի միջպետական առևտուրը:

Պետական սահմանի անցման կետերի արդիականացումը կնպաստի նաև տեղի բնակչության կենսամակարդակի բարելավմանը՝ նկատի առնելով, որ շինարարության ընթացքում ստեղծվել են ժամանակավոր, իսկ անցակետերը շահագործման անցնելուց հետո նաև մշտական աշխատատեղեր, որոնց միջոցով կապահովվի սահմանային անցակետերի առօրյա տնտեսական գործունեությունը: Հանրապետության Նախագահին զեկուցվել է, որ բնակչության համար բարելավվում են կապի և հաղորդակցության հետ կապված խնդիրները ևս: Ծրագրի շրջանակում նոր կառուցված անցակետի գազաֆիկացմանը զուգընթաց գազաֆիկացվել է Շիրակի մարզի վեց համայնք:

Բավրայի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել են ՀՀ սահմանի կառավարման ոլորտի պետական մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Հարավային Կովկասում Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Սեբաստիեն Հուսոն դե Սամպինին: Հյուրերի շարքում ներկա է եղել նաև Վրաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դիմիտրի Կումսիշվիլիի գլխավորած պատվիրակությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել