Նորություններ

Ի՞նչ է պետք փաստաբանական գրասենյակում աշխատելու համար

Իրավաբան Վահագն Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառել է.

«Եթե որոշել եք աշխատել փաստաբանական գրասենյակում, ուրեմն պետք է ունենաք ինչ-որ պատկերացում այն մասին, թե ինչ է իրանից ներկայացնում նման աշխատանքը:

Որպես կանոն, փաստաբանական գրասենյակի հիմնական անձնակազմն առնչվում է հետևյալ տիպի գործերի հետ.

1. Դատական գործեր (բուն փաստաբանություն) – ներկայացնում եք հաճախորդի շահերը դատարանում մեկ կամ մի քանի գործով (երբեմն՝ հաճախորդի ունեցած բոլոր գործերով):

2. Փոքր և միջին պռոեկտներ – երբ հաճախորդին անհրաժեշտ է կոնկրետ իրավաբանական փաստաթղթի (օրինակ՝ կապալի պայմանագիր, legal opinion և այլն) կամ փաստաթղթերի փաթեթի (օրինակ՝ աշխատանքի ընդունվող աշխատողի կողմից ստորագրման ենթակա փաստաթղթերի համալիր փաթեթ) կազմում:

3. Մեծ պռոեկտներ – հաճախորդին անհրաժեշտ է հասնել որոշակի մեծ նպատակի: Այդ դեպքում Դուք եք որոշում, թե ինչ աշխատանքներ է անհրաժեշտ կատարել այդ նպատակին հասնելու համար: Օրինակ՝ արտասահմանյան ընկերությունը որոշել է մասնաճյուղ բացել ՀՀ-ում, ինչի համար պետք է 0-ից մասնաճյուղ գրանցել, կանոնադրություն և ներքին փաստաթղթեր մշակել, զբաղվել հարկային ոլորտին առնչվող հարցերով, պայմանագրերի տիպային օրինակներ մշակել և այլն: Այս դեպքում հաճախորդին հետաքրքրում է արդյունքը, այլ ոչ թե կոնկրետ փաստաթուղթը կամ փաստաթղթերը:

4. Հաճախորդի իրավաբանական սպասարկում – հաճախորդին անհրաժեշտ է, որպեսզի ցանկացած իրավական հարց մշտապես լուծվի գրասենյակի կողմից՝ սկսած ամենափոքր հարցերից, վերջացրած խոշորներով:

5. Համակատարում/վերահսկում – համակատարման դեպքում Դուք առաջարկներ եք ներկայացնում գործի «հիմնական» կատարողին, սակայն վերջնական որոշողն ինքն է: Վերահսկման դեպքում գործի պատասխանատուն Դուք եք, և Ձեր առաջարկների պարտադիրության աստիճանն ավելի բարձր է:

6. Փորձագիտական աշխատանք (research) – ուսումնասիրում եք որևէ իրավական ոլորտ և ներկայացնում եք եզրակացություն, որը պարունակում է որոշակի հարցերի պատասխաններ և/կամ առաջարկություններ: Պատվիրատու կարող է լինել գրեթե ցանկացած սուբյեկտ:

7. Օրենսդրական նախագծերին առնչվող աշխատանք – երբեմն պետք է կազմել եզրակացություն՝ այս կամ այն նախագծի վերաբերյալ կամ պետք է կազմել որոշակի լուծումներ պարունակող օրենսդրական նախագիծ:

8. Գրասենյակի հեղինակության բարձրացում – սրա մեջ մտնում են տարբեր տեսակի աշխատանքներ: Օրինակ՝ գրում եք հոդված (որը պետք է դրվի ինչ-որ կայքում), որպեսզի բարձրացնեք գրասենյակի հեղինակությունը: Կամ իրականացնում եք սեմինարներ, թրենինգներ (վճարովի կամ անվճար) և այլ մարկետինգային/ներկայացուցչական միջոցառումներ:

9. Իննովացիոն նախագծեր – գրասենյակը որոշել է ներդնել ինչ-որ նորույթ (հիմնականում՝ էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ) և Դուք, այլ ոլորտների մասնագետների հետ համատեղ, զբաղվում եք այդ նորույթի մշակմամբ և ներդրմամբ:

Հետաքրքրե՞ց: Ուրեմն Ձեր տեղը փաստաբանական գրասենյակն է»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել