Վարչապետը այցելել է «ԴիջիԹեք էքսպո-2017»-ին

Վարչապետ Կարեն Կարապետյանն  այսօր այցելել է «ԴիջիԹեք էքսպո-2017» 13-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդես,  շրջել  տաղավարներով, ծանոթացել ընկերությունների արտադրանքին, մատուցվող ծառայություններին, զարգացման ծրագրերին, առկա խնդիրներին: Ընկերությունները հանդես են եկել տարբեր նախաձեռնություններով, որոնք Կարեն Կարապետյանն առաջարկել է քննարկել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ և արդյունքները ներկայացնել կառավարություն, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում  անցկացվող տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսում ներկայացված են հայկական տեխնոլոգիական և բազմաթիվ այլ, այդ թվում՝ նորաստեղծ ընկերությունների արտադրանքն ու ծառայությունները, ինչպես նաև դպրոցականների նորարարական գաղափարներն ու տեխնոլոգիական լուծումները, շուկայի զարգացման միտումներն ու նորարարությունները: «ԴիջիԹեք էքսպո-2017»-ի շրջանակում անցկացվում են գործարար հանդիպումներ, մրցույթներ և սեմինարներ:

Ցուցահանդեսին այս տարի մասնակցում է շուրջ 150 ընկերություն։ Ընդ որում՝ տեղական հեղինակավոր կազմակերպություններից բացի, մասնակցում են նաև ոլորտի առաջատար ընկերություններ աշխարհի տարբեր երկրներից՝ Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Միացյալ Թագավորությունից, ՌԴ-ից, Շվեդիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Հունաստանից, Լատվիայից, Լիտվայից և այլ երկրներից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել