Նորություններ

Քննարկվել են Հայաստանի առողջապահության համակարգի քաղաքականության առաջնահերթությունները

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասի հետ: Հանդիպմանը ներկա են եղել հանձնաժողովի անդամներ Մարգարիտ Եսայանը, Ջեմմա Բաղդասարյանը, Մարինա Մարգարյանը եւ Հակոբ Նազարյանը:

Քննարկվել է «Հոգեկան եւ ֆիզիկական առողջության բարձրագույն ստանդարտներից օգտվելու իրավունք» թեման:

Դաինիուս Պուրասը նշել է, որ իր առաքելության նպատակն է ուսումնասիրել Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվող քայլերը եւ որպես հատուկ զեկուցող՝ այցի արդյունքների հիման վրա ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեին ներկայացնել հաշվետվություն:

Հակոբ Հակոբյանը ներկայացրել է առողջապահության համակարգի քաղաքականության առաջնահերթությունները՝ նշելով, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցմամբ եւ Սահմանադրության նոր պահանջների համաձայն՝ մեր երկիրը վերանայում է առողջապահության համակարգի քաղաքականությունը, որն այժմ մշակման փուլում է: Նա մասնավորապես անդրադարձել է ոլորտի օրենսդրական կարգավորմանն առնչվող խնդիրներին: Հանձնաժողովի նախագահը հյուրի խնդրանքով ներկայացրել է նաեւ մեր երկրում բուժօգնության կազմակերպման եւ ֆինանսավորման մոդելները՝ մանրամասնելով հատկապես առողջության առաջնային պահպանման օղակի հիմնահարցերը:

Կողմերը կարեւորել են սոցիալական աջակցության ծրագրերի նպատակային օգտագործումը, առողջության առաջնային պահպանման օղակի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի եւ սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի դեմ ուղղված միջոցառումների, պալիատիվ բուժօգնության իրականացման, աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի եւ այլ հարցերի վերաբերյալ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել