Նորություններ

Մրցունակության համաշխարհային վարկանշային ցանկում Հայաստանը 73-րդն է

Այս տարի Հայաստանը 6 հորիզոնականով բարելավել է դիրքերը և Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմած մրցունակության համաշխարհային վարկանշային ցանկում զբաղեցրել 73-րդ տեղը 137 երկրի շրջանում: Այդ մասին հաղորդվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցում:

Նախորդ տարի 138 երկրից բաղկացած ցանկում Հայաստանը զբաղեցրել էր 79-րդ տեղը:

Տարածաշրջանի պետություններից Իրանը 69-րդն է, Ադրբեջանը՝ 35-րդը, Վրաստանը՝ 67-րդը, Թուրքիան՝ 53-րդը:

Ցանկում առաջին տեղը զբաղեցնում է Շվեյցարիան, այնուհետև հաջորդում են ԱՄՆ-ն, Սինգապուրը, Նիդեռլանդները, Գերմանիան:

Ռուսաստանը զբաղեցրել է 38-րդ հորիզոնականը, իսկ Չինաստանը՝ 27-րդ հորիզոնականը:

Հայաստանը 35-րդ տեղն է զբաղեցրել «Ապրանքների շուկայի արդյունավետության» գործոնով, 51-րդ տեղը՝ «Աշխատաշուկայի արդյունավետության», 55-րդ տեղը՝ «Առողջության և տարրական կրթության», ինչպես նաև «Հանրային ինստիտուտների» գործոնով, 68-րդ տեղը՝ «Ընկերությունների մրցունակության» և 70-րդ տեղը՝ «Նորարարության» գործոնով:

Չնայած եվրասիական տնտեսությունների մեծ մասում ընդհանուր միտումը դրական է, երկրների տնտեսությունները համընթաց չեն զարգանում: Ամենամրցունակ տնտեսությունները, այդ թվում՝ հինգ հորիզոնականով դիրքերը բարելաված Ռուսաստանի Դաշնությունը, պահպանում են իրենց առավելությունը: Այս տարի եվրասիական երկրների տնտեսություններից ամենամեծ առաջընթացը գրանցել է Մոլդովան՝ բարելավելով իր դիրքերը 11 հորիզոնականով և հայտնվելով 89-րդ տեղում: Մյուս երկրները, որոնք վերջին տարիներին առաջընթաց էին գրանցել, հետ են մնում, ինչպես Վրաստանը (67-րդ) և Ղազախստանը (57-րդ), որոնք, համապատասխանաբար, 8 և 4 հորիզոնականով հետընթաց են գրանցել:

Աղյուսակը կազմված է 12 հիմնական չափանիշի հիման վրա՝ պետության կառույցների, ենթակառուցվածքների, մակրոտնտեսական միջավայրի, առողջապահության և կրթության ոլորտների ցուցանիշների, ապրանքների շուկայի և աշխատաշուկայի արդյունավետության, ֆինանսական շուկայի զարգացման, տեխնոլոգիական պատրաստության, շուկայի ծավալների և այլն:

Վարկանշային ցանկը կազմվում է 1979 թվականից սկսած: Մրցունակության համաշխարհային վարկանիշի ժամանակակից մեթոդոլոգիան կիրառվում է 2005 թվականից ի վեր:

Իրավաբան.Net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել