Դա անթույլատրելի է. Դավիթ Հարությունյանը՝ պատգամավորների առաջարկի մասին

Այսօր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության նիստին  ներկայացրեց մի խումբ պատգամավորների կողմից առաջարկված օրենսդրական ակտի նախագիծը:

«Նրանք առաջարկում են «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում կատարել մի փոփոխություն։  Ներկայումս վարույթն իրականացնող մարմինը, քննիչը սահմանափակում է տեսակցությունները կալանավորված անձի հետ որոշ դեպքերում: Նրանք առաջարկում են, որ այդ սահմանափակումները չտարածվեն այն անձանց վրա, ովքեր իրավունք ունեն անարգել մուտք ու ելք անել քրեակատարողական հաստատություն: Առաջին հայացքից թվացյալ պարզ հարցն իրականում շատ ավելի խորն է: Բանն այն է, որ օրենսդրությունը երկու տարբերակում է տալիս՝ անարգել մուտք ու ելքը և տեսակցությունը։ Եվ անարգել մուտք ու ելքի հետ կապված բազում պաշտոնատար անձիք այդ իրավունքն ունեն՝ ՀՀ նախագահը, վարչապետը, սահմանադրական դատարանի նախագահը, պատգամավորները և այլն, բայց տեսակցության հետ կապված կան լրիվ այլ կարգավորումներ: Կա ստանդարտ ռեժիմ՝ տեսակցություն ուզելու և կա ռեժիմ՝ անկախ նրանից, քննիչն արգելանք դրել է, թե՝ ոչ, նա իրավունք ունի տեսակցելու»,-ներկայացրեց նախարարը:

Պատգամավորներն առաջարկում են, որ նրանց և մյուս պաշտոնյաների համար քննիչի արգելքը չգործի: Դավիթ Հարությունյանի խոսքով, դա անթույլատրելի է, որովհետև շատ մեծ թվով անձիք ստանում են հնարավորություն կալանավորված անձանց հետ տեսակցելու: Այդ իրավունքից հիմա օգտվում է ՄԻՊ-ը, խոստովանահայրը, իսկ եթե կալանավորված անձը դատավոր է, իրավունքից օգտվում է նաև Վճռբեկ դատարանի նախագահը:

Վարչապետը հետաքրքրվեց, թե այլ երկրներում նման պրակտիկա արդյո՞ք կա, ինչին ի պատասխան արդարադատության նախարարը նշեց. «Երբ խոսքը վերաբերում է քննությանը, ապա միշտ ցանկություն կա սահմանափակելու միայն այն պաշտոնատար անձնաց հետ, ովքեր ֆունկցիոնալ կապ ունեն կալանավորված անձի հետ: Կան երկրներ, որ նման պրակտիկա կա, բայց դա չի նշանակում, որ պետք է գտնենք նման մի երկիր ու բերենք Հայաստան»:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել