Նորություններ

Անատառային ոլորտի բարեփոխումները՝ վարչապետի օրակարգում

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են օրեր առաջ Տավուշի մարզի Հաղարծին գյուղում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև անտառային ոլորտի բարեփոխումների ընթացքը:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը վարչապետ Կարապետյանին զեկուցել է բնակիչների մտահոգությունների մասին և խնդրի լուծման առաջարկություններ ներկայացրել: Կարեն Կարապետյանը հանձնարարել է պատասխանատուներին համալիր վերլուծություն ներկայացնել անտառհատումների ծավալի (ապօրինի և օրինական), անտառպահպանության և անտառտնտեսությունների գործունեության վերաբերյալ՝ առաջարկելով սահմանել անտառհատումների որոշակի շեմ և խիստ պատիժ նախատեսել այն խախտողների նկատմամբ:

Կառավարության ղեկավարին է ներկայացվել նաև անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի լրամշակված տարբերակը: Զեկուցվել է անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, հսկողության և մոնիթորինգի, անտառային տնտեսության զարգացման և պատասխանատու կառույցների օպտիմալացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների մասին:

Մասնավորապես, անդրադարձ է եղել  «Հայանտառ» ՊՈԱԿ-ում կառուցվածքային և գործառութային բարեփոխումներին, որոնք կնպաստեն այդ կառույցի աշխատանքի արդյունավետության և հասցեականության բարձրացմանը: Ընդհանուր առմամբ հավանության արժանացնելով առաջարկվող փոփոխությունները՝ վարչապետը հանձնարարել է հայեցակարգի նախագիծը քննարկել շահագրգիռ գերատեսչությունների հետ:

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել