Նորություններ

Պատանդ վերցրած անձին վնասազերծելու ոստիկանների գործողությունների իրավաչափությունը կքննվի նոր գործի շրջանակներում

Սեպտեմբերի 9-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 107-րդ հոդվածի հատկանիշներով եւ զենքի գործադրման սպառնալիքով պատանդ վերցրած անձին վնասազերծելիս ոստիկանության աշխատակիցների գործողությունների իրավաչափության հարցը կքննվի այս գործի շրջանակներում: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար։
Իսկ պատանդ վերցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կշարունակվի քննվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում:

Հիշեցնենք, որ 2017թ. օգոստոսի 29-ին Երևան քաղաքի Ռոստովյան 15/6 հասցեում գտնվող «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահում  մի տղամարդ, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ պատանդ է վերցրել Նոր Նորքի 9-րդ զանգվածի մի բնակչուհու՝ ծնված 1993թ.։

Մինչ այդ կոտրվել են նաև խաղասրահի պատուհանների ապակիները, վնասվել գույքը։ Խաղասրահի մոտ հավաքված բազմաթիվ քաղաքացիների, ահազանգով դեպքի վայր եկած իրավապահ մարմինների աշխատակիցների ներկայությամբ տղամարդը, դանակը պահելով երիտասարդ կնոջ կոկորդի մոտ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել է ներս հրավիրել 5 քաղաքացիների և փաստաբանի՝  հակառակ դեպքում սպառնալով սպանել պատանդին։ Կնոջն ազատ արձակելուն ուղղված բանակցություններն արդյունք չեն տվել և տղամարդը հրաժարվել է ենթարկվել իրավապահ մարմինների աշխատակիցների օրինական պահանջներին։

Պատանդ վերցված կնոջ կյանքին սպառնացող իրական վտանգը կանխելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների կողմից իրականացվել է հատուկ գործողություն, որի ժամանակ տղամարդն ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք։

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երիտասարդ կնոջը պատանդ վերցնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ  մասի 2-րդ և 3-րդ կետերով: Ստեղծվել է քննչական խումբ, և ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել