Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Իգլա»-ն Հայաստան է բերել Էջմիածնի քաղաքապետերից մեկի որդին. հարցաքննվեցին գործով երկու վկաները

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի եւ մյուսների դատական գործով նիստին հարցաքննվեցին գործով երկու վկաները:

Գործով վկա, Էջմիածնի ՀՀԿ նախընտրական շտաբի աշխատակցուհի  Սուսաննա Հայրապետյանը, որը Սամվել Բաբայանի եւ մյուսների ձեռբակալության ժամանակ աշխատել է նրանց հետ, ասաց, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն Սամվել Բաբայանին, Սանասար Գաբրիելյանին, Արմեն Պողոսյանին եւ Հրաչյա Մայիլյանին:

«Սանասարը զանգել է ինձ ու ասել, որ իրեն Սևանի ճանապարհին խուզարկել են ու ձերբակալել: Ես դա կապեցի դրանից մի քանի օր առաջ տեղի ունեցած Ջրառատի դեպքերի հետ: Բաբայանին ասացի, նա էլ ասաց՝ լավ են արել, որ ձերբակալել են: Դրանից հետո շտաբ է եկել Սանասարի ընկերը՝ ինչ-որ Աշոտ, ու ես նրան Բաբայանի աշխատասենյակ ուղեկցելուց հետո հեռացել եմ, խոսակցությանը ներկա չեմ եղել»,-պատմում էր վկան:

Երկրորդ վկա Հրաչյա Մայիլյանը, որը գործից անջատված նաեւ մեղադրյալ է, դատարանում հայտարարեց, որ հրաժարվում է ցուցմունք տալուց եւ հարցերին պատասխանելուց: Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց նախաքնության ժամանակ նրա տված ցուցմունքները, որոնցում ասվում էր, որ ամբաստանյալ Արմեն Պողոսյանը նրան խնդրել է՝ Վրաստանում հետաքրքրվի ու գտնի «Իգլա» տեսակի հրթիռը.«Երբ հարցրեցի, թե ինչի՞ համար է պետք, ասաց՝ պաշտոնի նշանակման առթիվ նվեր է, տանելու են Ղարաբաղ: Ես ավելորդ հարցեր չտվեցի: Հետո պարզվեց, որ զենքը Սանասարին էր պետք»:

Այնուհետեւ, Մայիլյանը դիմել է Օթար անունով վրաստանցի ծանոթին, որն ասել է, որ իրենց մոտ նման զենք չկա: Վերադարձել է Էջմիածին եւ Արմեն Պողոսյանին ասել, որ չկա նման զենք: Հետո ինքնաթիռով գնացել են Ուկրաինա, որտեղ Արմեն Պողոսյանը ծանոթներին հարցուփորձ է արել «Իգլա»-ի մասին: Բացասական պատասխան ստանալով՝ վերադարձել են Հայաստան․ «2017թ. սկզբին էլի գնացել ենք Թբիլիսի, ցանկանում էինք ձկնաբուծությամբ զբաղվել, Արեմն Պողոսյանն էլ նրա հետ գնաց Վրաստան»:

«Դրանից հետո Արմենը նորից հետաքրքրվել է հրթիռի մասին, Էջմիածնի քաղաքապետերից մեկի որդուց՝ Ռոբերտից: Փետրվարին Ռոբերտն ասել է՝ զենքը կա, բայց մարտկոցն ու ինչ-որ այլ մաս է բացակայում: Այդ մասին հայտնել եմ Արմենին, նաև ասել, որ զենքը 35.000 դոլար արժի: Նա խնդրեց լուսանկարել, հետո տեսավ նկարները ու ասաց, որ լավը չեն, պարզ չի երեւում: Մութ ժամանակ եմ նկարել»,-նշված էր նախաքննական ցուցմունքում:

Այդ պատճառով զենքը բերվել է Հայաստան, ցույց է տրվել  Արմեն Պողոսյանին.«Չգիտեմ, թե ինչու, նա հրթիռի կողքին է դրել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական բուկլետը ու մի քանի նկար անելուց հետո հեռացել է»:

Հրաչյա Մայիլյան ցուցմունքում ասում է, որ հետագայում հրթիռը տարել է հորեղբոր ավտոտնակ, որպեսզի իրեն վնաս չտա, սակայն Արմեն Պողոսյանը հրաժարվել է զենքը գնել՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ մասեր են բացակայում:

 Նա պնդել է, որ Պողոսյանն այդ կերպ իրեն խաբել է, և ինքը զենքի ապօրինի ձեռքբերման մեղադրանքի հետ կապ չունի եւ չի ընդունում այն:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Սանասար Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:

Արմեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:

Կարեն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:

Անդրանիկ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:

Ժորա Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյունելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:

Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net 

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել