Երկակի համակարգի տարրերը կփորձարկվեն Հայաստանի կրթության ոլորտում

Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջում տեղի է ունեցել Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում երկակի(դուալ)  համակարգի տարրերի ներդրման մեկնարկն ազդարարող միջոցառում, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարության և գինեգործության ոլորտում առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ,հայտնում է ՀՀ Կրթության և Գիտության նախարարության կայք-էջը:
Միջոցառումը կազմակերպվել էր ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ:ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը ողջունել է միջոցառման  մասնակիցներին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի անունից և նշել, որ կրթության որակի բարձրացման խնդիրն օրեցօր ավելի արդիական է դառնում ոչ միայն կրթության, այլև արտադրության և ընդհանուր առմամբ պետության համար: «Կրթության որակն անհրաժեշտ է բարելավել կրթության ցանկացած մակարդակում՝ շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավմամբ: Լինելով ամենաճկուն կրթական մակարդակը՝ ՄԿՈՒ-ն կարող է արագորեն արձագանքել ժամանակակից արտադրության փոփոխություններին: Այդ պատճառով երկակի(դուալ)   համակարգի ներդնումը կարող է համարվել կրթական բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկը»,-նշել է Արտակ Աղբալյանը` ընդգծելով, որ վերոնշյալ միջոցառմամբ կմեկնարկեն մասնավոր հատվածի ներկայացուցիչների և տարածաշրջանի որոշում կայացնողների հետ մի շարք հանդիպումներ և քննարկումներ: «Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջը պատրաստվում է իրականացնել «Երկակի կրթական համակարգի տարրերի ներդրումը ՄԿՈՒ հաստատությունում «Գինեգործություն» մասնագիտության համար» անցումային ծրագիրը, որը միտում ունի հետագայում վերածվել տարաշրջանային զարգացման ծրագրի: Դրա հաջող իրականացումից հետո քոլեջը կդառնա լիարժեք կազմավորված հաստատություն՝ վերաճելով գերազանցության տարածաշրջանային կենտրոնի և ստանձնելով ՄԿՈՒ բարեփոխումները ուղղորդողի և ընդլայնողի դերը»,-նշել է ԿԳՆ նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետը` հավելելով, որ երկակի համակարգը կպիլոտավորվի Տավուշի, Վայոց Ձորի, Շիրակի տարածաշրջանային և Երևանի պետական հումանիտար քոլեջներում:Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի փորձագետ Յուլիա Ստակյանի խոսքով` երկակի (դուալ) համակարգի իրականացումը որակապես նոր մակարդակի կբարձրացնի որակյալ կադրերի և բարձր տեխնոլոգիաների արտադրության ոլորտի մասնագետների կրթությունն ու վերապատրաստումը: «Այս համակարգն օգնում է զարգացնել ՄԿՈւ շրջանավարտների մասնագիտական կարողությունները՝ ապահովելով վերջինների մրցունակությունը աշխատաշուկայում: Երկակի համակարգը նաև նպաստում է սոցիալական գործընկերության զարգացմանը կրթության ոլորտում, որն իր հերթին դառնում է տնտեսության արդիականացման և զարգացման հզոր խթան: Երկակի համակարգի կենտրոնում գտնվում է աշխատանքի վրա հիմնված գործընթացի հայեցակարգը, ինչը մեր երկրում երկար ժամանակ քննարկումների առարկա է եղել: Այս առումով՝ համակարգի ներդրումը հանդիսանալու է կրթության որակի բարձրացմանն ուղղված ամենաարդյունավետ քայլերից մեկը»,-ընդգծել է նա:Նշենք, որ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվում է զբոսաշրջության, գինեգործության և ճշգրիտ ճարտարագիտության/ՏՏ ոլորտներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել