Սամվել Բաբայանը դեմ էր դատական նիստերը տեսանկարահանելու արգելքին

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի եւ մյուսների դատական գործով նիստի ժամանակ ելույթ ունեցան գործով երեք վկաները:

Դատական նիստի սկզբում մեղադող դատախազ Արամ Արամյանը միջնորդություն ներկայացրեց՝ տեսանկարահանումների արգելելու վերաբերյալ: Միջնորդությանը կողմ էին նաև ամբաստանյալների պաշտպանները, սակայն ՍամվելԲաբայանը հայտարարեց, որ դեմ է միջնորդությանը. «Մամուլում իմ մասին ինչ ասես, որ չեն գրում, թող նկարեն: Ինչ ուզում հորինում են… Ճիշտը թող գրեն»:

Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը թույլ տվեց տեսանկարահանել միայն 5 րոպե:

Վկաներից առաջինի՝ Գոռ Շատոյանի խոսքով՝ նա ամբաստանյալներից միայն Դավիթ Հարությունյանին է ճանաչում, մյուսներին երբեք չի տեսել:

 «Աշխատում եմ Մոսկվայում, ապրանքներ եմ ներմուծում Հայաստան: Վարորդներից մեկին դիսպեչեր Արայիկը ծրար էր տվել, որ պետք է ինձ տար, ես էլ տայի ծանոթիս: Գումարի վրա ինչ-որ «լաքաներ» կային, բայց ինձ Արայիկը վստահեցրեց, որ գումարները իսկական են, կեղծ չեն: Ես էլ բերել եմ ու տվել եմ Դավիթին»,-ասաց վկան:

Գոռ Շատոյանը նախաքննության ընթացքում հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել 2016-ի սեպտեմբերին, իսկ դատարանում նշեց, թե 2017թվականի սեպտեմբերին։ Դատավորի հարցին՝ թե նախաքննական ցուցմունքի եւ դատարանում ցուցմունքների միջեւ հակասությունը ինչո՞վ է բացատրում, վկան կարճ պատասխանեց՝ չի հիշում։

Վկա Վրեժ Առաքելյանն էլ նշեց, որ ծրարը Դավիթ Հարությունյանը բերել է իր տուն, առաջարկել է իրեն օգնել, որ բանկում այդ գումարը փոխանակի:

«Բանկում 7-8 տոկոսով քիչ են տալիս «լաքոտ», կեղտոտ դրամի համար, բայց կարելի ա փոխել: Ինձ մի հատ 20 եվրո ա ցույց տվել, որի վրա ինչ-որ բան էր քսած: Ես ասել եմ, որ կհետաքրքրվեմ, էդ գործերից էնքան էլ լավ տեղյակ չեմ: Էդքան բան, հետո ես գործեր ունեցա ու էդ գործը տենց էլ մնաց»,-նշեց նա:

 Երեք վկաների ցուցմունքներն էլ չէին համընկնում նախաքննության ժամանակ տրված ցուցմունքների հետ: Երեքն էլ սխալ էին նշում իրադարձությունների կատարման ժամանակահատվածը:

Դատավորի հարցին, թե քննիչից որեւէ դժգոհություն ունեք, ներազդել է իր վրա, թե՝ ոչ, ամբաստանյալ Սամվել Բաբայանը տեղից արձագանքեց. «Այո, բոլորին էլ ուղղորդել են, ուղղորդված քննություն է վարում: Ինձ հետ էլ է եղել…, կանաչու առեւտուր էր»:

Սույն գործով հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին, որի ժամանակ կշարունակվի վկաների հարցաքննությունը:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել եւ պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր:

Կարեն եւ Անդրանիկ Քոչարյաններին, Ժորա Զաքարյանին եւ Դավիթ Հարությունյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը եւ իրական բնույթը խեղաթյուրելու եւ օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:

Այսպիսով, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, որոնցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել