ԵՊՀ առաջին կուրսեցիներն ուսումնառության վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող են ստանալ ԵՊՀ պորտալում առկա կայք-ուղեցույցից

«Կրթություն հանուն ապագայի. Առաջին կուրսեցու ուղեցույց» խորագիրը կրող ԵՊՀ պորտալի https://1course.ysu.am/ կայքը առաջին կուրսեցիներին հնարավորություն կտա առցանց ծանոթանալու անհրաժեշտ տեղեկատվությանը՝ բուհում սովորելու առանձնահատկություններին, ժամատախտակին, ուսանողական տարբեր նախաձեռնություններին, ուսանողական նպաստների ու կրթաթոշակների համակարգին և այլն: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից:

Կայքում կարելի է գտնել նաև Մայր բուհի պատմության համառոտ ակնարկը, համալսարանի կառուցվածքը, ուսումնական գործընթացին, գիտական գործունեությանը, ուսանողական և մշակութային կյանքին վերաբերող տեղեկատվություն, այդ թվում` համալսարանական կյանքն արծարծող ամենավերջին նորություններն ու իրադարձությունները:

Ուղեցույցում ներկայացված են նաև դասապրոցեսների (դասախոսություններ, սեմինարներ և այլն) մեթոդական կողմերը, քննություններին և ստուգարքներին պատրաստվելու յուրահատկությունները, ինքնուրույն աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները: Հիմք ընդունելով հոգեբանների և շրջանավարտների դիտողությունները` ուղեցույցում ներառված են մի շարք գործնական խորհուրդներ:

Ինտերնետային կայքում տեղադրված է նաև Մայր բուհի օրհներգը, ԵՊՀ առաջին կուրսեցու երդման հանդիսավոր արարողության նկարագրությունն ու երդման տեքստը:

Նշենք, որ ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը տարիներ իվեր բոլոր առաջին կուրսեցիներին բաժանում էր տեղեկատվական փաթեթներ: 2015-2016 ուստարվանից ԵՊՀ առաջին կուրսեցիների համար նախատեսված ուղեցույցի թղթային տարբերակը (հեղինակներ՝ Ռ. Լ. Մարկոսյան, Կ. Հ. Գրիգորյան, Լ. Ա. Ազատյան, Մ. Հ. Թոսունյան) վերափոխվեց առցանցի և հասանելի դարձավ https://1course.ysu.am/ կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել