Մեղադրանք է առաջադրվել շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստացող պաշտոնյային. վերջինս կալանավորվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Ն. Թ.-ն շորթման եղանակով խոշոր չափերով կաշառք է պահանջել և ստացել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ֆ. Հ.-ից: Նշված հանցավոր արարքի կատարման համար Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից 29.08.2017թ.-ին որոշում է կայացվել Ն. Թ.-ին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Մասնավորապես, քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ 2017թ.-ի օգոստոսի 27-ին` Երևան քաղաքի Աճառյան փողոցում, ՃՈ ավագ տեսուչ Ն. Թ.-ն, առանց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հատկանիշների առկայության, կանգնեցրել է ԻԻՀ քաղաքացի Ֆ. Հ.-ի վարած Սամանդ մակնիշի ավտոմեքենան, ապա` առանց համապատասխան ստուգման, Ֆ. Հ.-ին մեղադրել ալկոհոլ օգտագործելու մեջ: Այնուհետև հիշյալ ոստիկանը, ոտնահարելով ԻԻՀ քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը, 300.000 ՀՀ դրամի չափով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու, Ֆ. Հ.-ին 12 օրով ազատությունից զրկելու և ավտոմեքենան տուգանային հրապարակ տեղափոխելու սպառնալիքով նրանից պահանջել ու ստացել է խոշոր չափերով` 191.200 ՀՀ դրամին համարժեք 400 ԱՄՆ դոլար և 60.000 ՀՀ դրամ կաշառք:

Քննությամբ պարզվել է նաև, որ ՃՈ տեսուչի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու մասին տեղեկացել է նույն ժամանակահատվածում վերջինիս հետ ծառայություն իրականացնող մյուս տեսուչը, ով  ծառայակցին քրեական պատասխանատվությունից զերծ պահելու անձնական շահագրգռվածությունից ելնելով` թաքցրել է ծանր հանցագործության դեպքը և դրան սահմանված կարգով ընթացք չի տվել:

Այսպիսով, շորթմամբ խոշոր չափերով կաշառք վերցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության ավագ տեսուչ Ն. Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով: Ոստիկանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել