Քաղաքապետարանի ենթակայության դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ 2017-2018թթ. ուսումնական տարին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում պատշաճ դիմավորելու նպատակով կազմակերպված բոլոր նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտվել են:
Ըստ այդմ` ուսումնասիրվել են կրթական հաստատությունների էներգամատակարարման, գազամատակարարման և ջրամատակարարման ցանցերն ու քայլեր ձեռնարկվել նկատված թերությունները վերացնելու ուղղությամբ:

Տրանսպորտի ոլորտի պատասխանատուները զեկուցել են, որ սահմանված ժամկետում ավարտվել են նաև դպրոցամերձ տարածքների խաչմերուկների գծանշման և ճանապարհային նշանների կարգաբերման աշխատանքները:
Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 1-30-ը, ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, կանցկացվի անվտանգ երթևեկության միամսյակ: Մասնավորապես, կրթօջախների հարակից տարածքներում կսահմանվի ուժեղացված հսկողություն:
Աշխատակազմի առողջապահության վարչության պետի փոխանցմամբ, մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում գործող բուժկետերն արդեն իսկ համալրված են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով: Առևտրի և սպասարկումների վարչությանն էլ հանձնարարվել է վերահսկել դպրոցների բուֆետների աշխատանքների կազմակերպման ընթացքն ու սնունդ մատակարարող կազմակերպությունների պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումը:
Հանրակրթության վարչության պետն իր հերթին զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տարրական դասարանների բոլոր աշակերտներն ապահովվել են անվճար դասագրքերով, ինչպես նաև ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները հանրակրթական դպրոցներում սեպտեմբերի 1-ին նվիրված միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել