Բացահայտվել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատից» կատարված գողությունը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ից կատարված գողությունը. 2 անձ ներգրավվել է որպես կասկածյալ:

2017թ. օգոստոսի 3-ին` ժամը 00:19-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք մուտք են գործել «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության Շահումյանի անվան հանքի տեխնիկայի կայանման հրապարակ և կտրելու եղանակով հափշտակել խոշոր չափի արժողության սնուցման մալուխը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում:

Նախնական քննությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է գողությունը, փաստական տվյալներ ձեռք բերվել՝  հափշտակությունը Կապան քաղաքի երկու բնակիչների կողմից կատարված լինելու վերաբերյալ։ Վերջիններս ձերբակալվել են որպես կասկածյալ և հարցաքննվել դեպքի շուրջ։ Կասկածյալները ցուցմունք են տվել՝ կատարված գողության մեխանիզմի և քրեական գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ, կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող կացինը:

Նկատի ունենալով, որ կասկածյալներին վերագրվում է միջին ծանրության հանցանքի կատարում, որի վերաբերյալ նրանք տվել են խոստովանական ցուցմունքներ, և վարույթն իրականացնող մարմինը հիմքեր չունի ենթադրելու, որ ազատության մեջ գտնվելով՝ նրանք կարող է խոչընդոտեն քրեական գործի նախաքննությանը կամ ներգործեն վկաների վրա՝ քննիչը որոշում է կայացրել՝ կասկածյալներին արգելանքից ազատելու մասին։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել