Նորություններ

Ի՞նչ տուգանքներ են սահմանվում աղբոտելու համար

Արդեն իսկ հանրայաին քննարկման է ներկայացված «Համայնքային թափոնների կառավարման» մասին նոր օրենքի նախագիծը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարելավել հանրապետության համայնքային թափոնների կառավարման որակը, ձևավորել բնագավառում կայուն կառավարման համակարգ,  նվազեցնել  համայնքային թափոնների առաջացող քանակները և նպաստել դրանց բնապահպանորեն անվտանգ մշակման և վերաօգտագործման աճին:

Այս օրինագծի 8-րդ հոդվածում սահմանվում է աղբոտելու արգելքը: Միևնույն ժամանակ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվում են նոր հոդվածներ, որոնցով սահմանվում են տույժեր՝ աղբ թափելու համար: Ներկայացնում ենք նախագծի որոշ հատվածներ.

 Շրջակայքի աղբոտումը համայնքային թափոններով

-Շրջակայքի աղբոտումը մինչև 2 կգ համայնքային թափոնով առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնվեցապատիկի չափով (16 հազար դրամ):

-Նույն գործողությունը, կատարված բնակելի տնից կամ այլ շենքից կամ շինությունից ` քսանապատիկի չափով (20 հազար դրամ):

-Շրջակայքի աղբոտումը կատարված փոխադրամիջոցից, առաջացնում է տուգանքի նշանակում  վարորդի, իսկ հանրային, այդ թվում երկաթուղային, փոխադրամիջոցի դեպքում՝ իրավախախտի նկատմամբ, սահմանված նվազագույն աշխատավարձի քսանչորսապատիկի  չափով (24 հազար դրամ):

-Շրջակայքի աղբոտումը մինչև 5 հատ անվադողով /բացառությամբ հեծանվի դողը/, առաջացնում է տուգանքի նշանակում երեսունապատիկի չափով (30 հազար դրամ),

-Շրջակայքի աղբոտումը 5-ից ավել անվադողով /բացառությամբ հեծանվի դողը/` հարյուրապատիկի չափով (100 հազար դրամ):

-Շրջակայքի աղբոտումը մարտկոցներով, էլեկտրական կուտակիչներով, էլեկտրալամպերով, էլեկտրոնային ապրանքներով, գրաֆիտային էլեկտրոդներով, կտրող և ծակող առարկաներով /ներառյալ ապակե ջարդոն, մեխեր կամ այլ նման առարկաներ/,  առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (20 հազար դրամ):

-Շրջակայքի աղբոտումը 2 կգ և ավել համայնքային թափոնով /բացառությամբ սույն հոդվածի հաջորդ մասով նախատեսված դեպքերից/ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի  ֆիզիկական անձնաց դեպքում`  երեսունապատիկի (30 հազար դրամ), իսկ իրավաբանական անձանց դեպքում` հարյուրապատիկի չափով (100 հազար դրամ):

Շրջակայքի աղբոտումը 1 խոր. մ և ավել համայնքային թափոնով  առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի ֆիզիկական անձանց դեպքում`  վաթսունապատիկի (60 հազար դրամ), իսկ իրավաբանական անձանց դեպքում` երկուհարյուրապատիկի չափով (200հազար դրամ):

Շրջակայքի աղբոտումը խոշոր եզրաչափ ունեցող համայնքային թափոններով /ներառյալ փոխադրամիջոցներով, էլեկտրական և ինժեներական սարքավորումներով, շինարարական կամ այլ նման սարքավորումներով/ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի  ֆիզիկական անձանց դեպքում` հարյուրապատիկի (100 հազար դրամ), իսկ իրավաբանական անձանց դեպքում`  երեքհարյուրապատիկի չափով(300 հազար դրամ)

Շրջակայքի աղբոտումը կենդանական թափոններով

-Շրջակայքի աղբոտումը կենդանիների մինչև 20 կգ զանգվածով /ներառյալ սպանդանոցներից/  առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի ֆիզիկական անձանց նկատմամբ` երեսունապատիկի(30 հազար դրամ), և իրավաբանական անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով (100 հազար դրամ) ,

Շրջակայքի աղբոտումը կենդանիների 20 կգ գերազանցող զանգվածով /ներառյալ սպանդանոցներից/  առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի  ֆիզիկական անձանց նկատմամբ` վաթսունապատիկի (60 հազար դրամ), իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի չափով (200 հազար դրամ):

Անվտանգ թափոնի այրումը բաց երկնքի տակ կամ այրման համար չնախատեսված սարքավորումներում

 -Անվտանգ թափոնների այրումը /այդ թվում տերևները, կանաչ/այգու, կենցաղային թափոնները/ բաց երկնքի տակ կամ այրման համար չնախատեսված սարքավորումներում  առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քառասունապատիկի չափով (40 հազար դրամ):

-Անվտանգ թափոնների /բացառությամբ սույն առաջին պարբերության նշվածի/ այրումը /այդ թվում անվադողերը, ռետինե և այլ էլաստիկ նյութեր/ բաց երկնքի տակ կամ այրման համար չնախատեսված սարքավորումներում առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով (100 հազար դրամ):

Ամբողջական նախագիծն՝ այստեղ: 

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել