Նորություններ

Քաղաքացին բաց նամակով դիմում է գլխավոր դատախազին

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Սեւանի բնակիչ Սեւակ Ոսկանյանի դիմումը՝ ուղղված ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

«Ոսկանյանը այժմ թաքնվում է, եւ նրա հարազատները խնդրել են հրապարակել դիմումը։ Հրավիրում եմ նաեւ ՀՀ Ոստիկանության ղեկավարության ուշադրությունը։ Ինչպես իրենք են սիրում ասել՝ առեւերեւույթ Գեղարքունիքի ոստիկանությունում հրեշավոր բաներ են կատարվում»,- գրում է պատգամավորը:

Նշենք, որ թեև դիմումը հրապարակում ենք ամբողջությամբ, սակայն ժարգոնային ևա անպարկեշտ արտահայտություններն ու քրեականական սխալները խմբագրված են:

«Հայտնում եմ ձեզ, որ մի քանի օր առաջ, Սևանի ոստիկանության աշխատող Վահագ Միքայելյանը 098-78-10-17 համարով ինձ զանգեց և ասաց՝ արի հանդիպենք: Ես և նա հանդիպեցինք, Վահագը ինձ ասաց, որ քո հին ընկեր Հայկ Ավանեսյանը բռնվել է, զգույշ եղիր, կարող է, որ քեզ էլ մի բան լինի, ես քեզ խաբար կանեմ: Երկու, թե երեք օր անց, օգոստոսի 18-ին, ժամը 10-ն անց 30-ի մոտ, արդեն ուրիշ համարով ինձ զանգեց Վահագը և ասեց՝ արի հանդիպենք:

Պայմանավորվեցինք հանդիպել Սևանի կայարանի շարժական գազալցակայանի մոտ: Ես հասա այնտեղ, Վահագը չկար, հետ զանգեցի նրան, ասեցի՝ ինչ եղար, նա էլ ասեց, թե՝ հեսա 3 րոպեից կգամ: Քիչ անց իմ մոտ կանգնեց մի սև գույնի մեքենա (Կոռոլա Քեմրի), մեջից իջան երկու հոգի, լրիվ սև հագնված և սև դիմակներով, միանգամից հարձակվեցին իմ վրա և հարվածեցին ուսերիս և ձեռնաշղթաներ դրեցին ձեռքերիս ու գլխիս հարվածելով գցեցին մեքենայի մեջ, հետո վիզս սեղմելով դեպի ներքև ծնկներիս մոտ՝ հայհոյանքներով ու վիրավորանքներով:

Ես ասեցի՝ ախպերներ ջան մի խփեք, թողեք շունչ քաշեմ, հասկանամ ինչ է կատարվաում: Վարորդի կողքի նստածը շրջվեց ու ասաց՝ ախպերով չխոսաս, ու գլուխս իր ափերի մեջ վերցնելով սկսեց խփել իր նստարանի «սպինկին», ինձ հարցնում էին՝ գիտես քեզ ինչի՞ համար են բռնել, ասում էի՝ ինչի համար, ասեցին 5 հատ «տրուպ կա վրետ», ամբողջ ճանապարհին խփում ու հայհոյում էին, ճանապարհին նրանք մեկի հետ խոսեցին ու ասացին՝ Առաքելյան ջան, հեսա կհասնենք:

Ինձ տարան Քյավառի վարչություն, կորացված վիճակում ինչ-որ աշխատասենյակ մտցրին, սկսեցին դիմակավորները խփել ինձ, ուսերիս, մեջքիս, ապտակում էին: Հետո ինձ նույն ձևով կորացված տարան մի ուրիշ սենյակ, գլխիս հավաքվեց 5 կամ 6 հոգի, ու սկսեցին հարցնել, թե գիտե՞ս ինչի ենք քեզ այստեղ բերել:

Ներկա գտնվողներից քաղաքացիական հագուստով մեկը ներկայացրեց՝ Առաքել, ասելով թե գիտե՞ս նա ով է, նա վարչության Առաքելյանն է, դաժե գողերին է նա պառկացնում, փչացնում ու շատ լուրջ գործեր բացում: Ես իր համար ոչ մի բան եմ: Ճիշտը պատմի՝ Առաքելյանն ինձ ասեց։ Հիշի 2008 թ-ի մայիսը ու պատմի քո ընկեր Ռոմանի դեպքը:

Այս օր (…) նրան դանակահարել են: Ես ասացի, որ դրա հետ ես կապ չունեմ, ինձ նախկինում արդեն կանչել են քրեական քննիչի մոտ: Այդ պահին դիմակավորները հասան իմ վրա ու սկսեցին խփել, հայհոյել, Առաքելյանն ասաց՝ էսի մեզ լավ չի ճանաչում, հեսա մի երկու ռաունդ տղերքը հետը կաշխատեն, վերջում էլ … (ակնարկ է եղել բռնի սեռական գործողություններ կատարելու), նոր կպատմի: Ես վախից արդեն ահավոր ճնշված էի, խնդրեցի որ ինձ Առաքելյանի հետ մենակ թողեն:

Բոլորը դուրս եկան, Առաքելյանը երդվեց իր հոր արևով, որ Հայկը այս գործը վիզ է առել, ու քեզ էլ որպես կազմակերպիչ է ներկայացրել: Ասեցի՝ Հայկը նման բան չէր կարող ասել, նման բան չկա: Առաքելյանը բորբոքվելով՝ ասաց հեսա դիմակավորները (ակնարկ է եղել բռնի սեռական գործողություններ կատարելու): Ես հոգեպես ճնշված, չգիտեի՝ թե ինչ անեմ, ու շարունակում էր ճնշում գործել, թե Հայկը քո վրա գրել ա, դու խի չես ուզում մուռտ հանես։

Նա ասաց, քո հորեղբոր տղան՝ Էդգարը, հենց նա է քեզ ծանոթացրել Հայկի հետ ու դուք միասին էք կատարել: Ես վախից ասեցի, որ ամեն ինչ արել է իմ հորեղբոր տղան, Հայկը կապ չունի: Այդպես ասացի, քանի որ նա մահացած էր: Առաքելյանն ասաց, թե ուզում ես դուրսը լինես ու երեխուտ էլի տենաս, պիտի Հայկի անունն էլ տաս, որ Հայկը «բերդում իրա մումյան դնի»:

Ես ել մի տեղ վախից, մի տեղ նրա սուտ երդումներին հավատալով ասացի, հա կանեմ: Ու սկսեց նա իր մտքերվ պատմել ու շարադրել այդ մասին: Հետո վարչություն եկան Սևանից 2 քննիչ՝ Պետրոսյանը և ոմն Հովո: Առաքելյանն ասեց նրանց, որ նա վիզ է վերցրել ու նրանց պատմում էր, թե ոնց ա եղել, ինձ էլ հարցնում էր, թե ճիշտ է, թե՝ չէ:

Դրանից հետո ինձ տարան Քյավառի բաժին, քննիչները իմ հետ չեն խոսել, քննիչ Հովոն կամպյուտրով հավաքեց Առաքելյանի պատմածը ու տպեց, ցուցմունքի վերջում ես գրեցի, որ ճիշտ է և ստորագրեցի: Հարգելի պարոն դատախազ, այդ ցուցմունքը ճիշտ չէ, ինձ ծեծի ենթարկելով շանտաժ, հոգեբանական ճնշում գործադրելով ցուցմունք են կորզել:

Ինձ ոստիկանությունում պահել են 10-ից 11-ժամ սոված, չեն թողել որևէ մեկին զանգեմ, միայն քննության վերջում եմ զանգել քննիչի հեռախոսով: Այն էլ ցուցմունքի ընթացքում: Խնդրում եմ պատժել իմ նկատմամբ անօրինական գործողություններ կատարող բոլոր անձանց:

Դիմող՝ Ոսկանյան
19.08.2017թ․»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել