Նորություններ

Հստակեցվում է Գյումրիում կատարված սպանության փորձին հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել են Գյումրի քաղաքի բնակիչ Գեորգի Հակոբյանի նկատմամբ կատարված սպանության փորձի մի շարք հանգամանքներ։ Կալանավորվել է երկու անձ, այդ թվում՝ քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Ղազարյանը։

Գ.Հակոբյանի նկատմամբ սպանության փորձը տեղի է ունեցել 2017թ. հունիսի 25-ին՝ ժամը 22:50-ին՝ Գյումրի քաղաքի սրճարաններից մեկի դիմաց։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, հստակեցվում է կատարված հանցագործությանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Արտյոմ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Եվս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ Գ.Հակոբյանի նկատմամբ կատարված սպանության փորձին օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 1-ին մասով։  Նրա նկատմամբ ևս որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Կատարված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև՝ քրեական գործով տուժող Գ.Հակոբյանի կողմից ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ։ Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ նրան ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու մասին։

Շարունակվում են կատարվել ակտիվ քննչական գործողություններ՝ հնարավոր այլ մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել