Միջազգային առաջավոր փորձը ներդրվում է գյուղատնտեսական կրթության բնագավառում

Ծաղկաձորում մեկնարկել է «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում կազմակերպված երկօրյա աշխատաժողովը, որը նախաձեռնել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն։ Աշխատաժողովին մասնակցել են ԿԳՆ-ի, Մասնագիտական կրթության և ուսուցման ազգային կենտրոնի, ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչներ, գործատուներ, ոլորտի փորձագետներ, ՀՀ գյուղատնտեսական քոլեջների տնօրեններ և աշխատակիցներ։ Աշխատաժողովի նպատակն է՝ ներկայացնել «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի իրականացման ընթացքը և ձեռք բերված արդյունքները, ինչպես նաև քննարկել միջին մասնագիտական կրթության «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» և «Անասնաբուժություն» մասնագիտությունների համար բարեփոխված կրթական չափորոշիչները և մոդուլային ծրագրերը:
Աշխատաժողովի մասնակիցներին ողջունել և իր զեկույցում ՄԿՈւ ոլորտի հիմնախնդիրներին և արդի զարգացումներին է անդրադարձել ՀՀ ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը։ Նրա խոսքով՝ գյուղատնտեսության զարգացումը համարվում է ՀՀ կառավարության գերակայություններից մեկը, որով և պայմանավորված՝ ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի հիմնական շեշտադրումն ուղղված է գյուղատնտեսական կրթությանը։  «Ծրագրի շրջանակում կմշակվի 76 կրթական չափորոշիչ (որից 32-ն արդեն իսկ մշակված են)՝ բոլոր գյուղաատնտեսական մասնագիտությունների գծով, կիրականացվեն վերապատրաստումներ, կտրամադրվեն սարքավորումներ և այլն։ Գյուղատնտեսական կրթությանն է ուղղված նաև «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագիրը, որի շրջանակում քոլեջների և գործատուների ներկայացուցիչներ վերապատրաստվել են Շվեյցարիայում, ծանոթացել այդ երկրի փորձին և այն ՀՀ ուսհաստատություններում տեղայնացնելու հնարավորությանը, ինչպես նաև վերանայվել կրթական երկու չափորոշիչներ»,-նշել է Արտակ Աղբալյանը՝ որպես ՄԿՈՒ ոլորտի զարգացման ուղղություններ կարևորելով միջազգայնացման, ուսումնական ծրագրերի վերանայման, մասնագիտական հմտությունների և կարողությունների զարգացման, սոցիալական գործընկերության ընդլայնման, ՄԿՈՒ արդյունավետ ֆինանսավորման համակարգի մշակման և մի շարք այլ հարցեր։ Նա ներկայացրել է նաև նախնական և միջին մասնագիտական կրթության 2017-2021թթ. զարգացման հայեցակարգի նախագիծը։
Աշխատաժողովի ընթացքում «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի փորձագետ Վարազդատ Հովհաննիսյանը ներկայացրել է Որակավորումների ազգային շրջանակի և արդյունքահեն  կրթության կազմակերպման հարցերը։ Վերոնշյալ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանն իր զեկույցում անդրադարձել է ծրագրի հիմնական դրույթներին՝ ընդգծելով, որ այն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոցի (HAFL) կողմից` Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) կազմակերպության աջակցությամբ: Ծրագրի նպատակն է նպաստել գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և խորհրդատվական ծառայությունների զարգացմանը և հասանելի դարձնել շուկային միտված գործնական կրթությունը անասնաբուժության, կաթի վերամշակման և ֆերմերներին խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտներում:
Այնուհետև ներկայացվել են «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում անասնաբուժության և կաթի վերամշակման ոլորտներում մասնագիտական կրթության բարեփոխումները, որի շուրջ աշխատանքները շարունակվել են խմբային քննարկումներում։ Աշխատաժողովն այսօր կամփոփի խմբային աշխատանքները, որոնց ընթացքում հնչած առաջարկությունները և դիտողությունները հիմք կհանդիսանան մոդուլային ծրագրերի մշակման և վերանայման համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել