Փաստաբանները դիմել են ԱՆ՝ դատավոր Անի Մխիթարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար

Ս.թ. օգոստոսի 11-ին փաստաբաններ Նորայր Նորիկյանը և Գագիկ Մելիքյանը միասին դիմում են ներկայացրել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին և ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին՝ ս․թ․ փետրվարի 10-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից 2016 թվականի «Տարվա լավագույն դատավոր»  ճանաչված Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Մխիթարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար՝ վերջինիս կարգապահական տույժի ենթարկելու նպատակով: Այս մասին փաստաբանները հայտարարություն են տարածել.

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Մխիթարյան

«Հավաստիացնում ենք, որ սպառել ենք հնարավոր ու թույլատրելի բոլոր միջոցները և այլևս այլ ելք չենք տեսել նշված դատավորի անկանխատեսելի վարքագծին համարժեք արձագանք տալու առումով։

2016թ․ ԼԱՎԱԳՈՒՅՆ դատավոր ճանաչված դատավոր Անի Մխիթարյանը, մեր խորին համոզմամբ,  կոպտորեն խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի, նույն օրենսգրքի 153․2 հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերի, ՀՀ դատավորի վարքագծի կանոնների 2-րդ, 5-րդ կանոնի 2-րդ պարբերության պահանջները։
Քաղաքացիական գործն իր վարույթ ընդունելու պահից՝ 2015թ․ ապրիլի 14-ից,  մինչ նշված դիմումը ներկայացնելու օրն անցել է շուրջ 2 տարի 4 ամիս, որի ընթացքում լավագույն դատավոր Անի Մխիթարյանը նշանակել է թվով 6 դատական նիստ՝ 24․09․2015թ., 25․01․2016թ., 06․05․2016թ., 10․11․2016թ., 17․02․2017թ., 18․04․2017թ․։
Նշանակված վեց նիստերից առաջին հինգն, ըստ էության, չի կայացել:
Դեռևս 2016թ․ մայիսի 5-ին մեր կողմից միջնորդություն է ներկայացվել ԴԱՏԱՐԱՆԻՆ՝ «Երրորդ անձ» ներգրավելու մասին։
Միայն վեց ամիս անց՝ 10․11․2016թ․, ԴԱՏԱՐԱՆԻ արձանագրային որոշմամբ մեր վստահորդը ներգրավվել է որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ։
Երրորդ անձ ներգրավվելուց հետո մեր կողմից 17.11.2016թ. ԴԱՏԱՐԱՆԻՆ է ներկայացվել «Նիստերի արձանագրման կրիչի օրինակը տրամադրելու մասին» միջնորդություն, որով դատարանից խնդրել ենք տրամադրել գործով կայացած բոլոր նիստերի արձանագրությունների համակարգչային արձանագրման կրիչի օրինակը, որի ուսումնասիրությունից պարզվել է, որ դրա վրա առկա ընդամենը երեք նիստերից երկուսը՝ 06-05-2016թ. և 10-11-2016թ., հետաձգվել են կողմերի բացակայության պատճառաբանությամբ, չնայած նրան, որ դատարանն արձանագրել է, որ հայցվորն ու պատասխանողը պատշաճ ծանուցված են եղել դատական նիստի վայրի և ժամանակի մասին:
Ստեղծված իրավիճակը շտկելու և արհեստական խոչընդոտները հաղթահարելու նպատակով, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 25-րդ հոդվածով՝ ս․թ․ մարտի 13-ին «Գործի քննության ժամկետների պահպանման մասին» դիմում ենք ներկայացրել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ըդնհանուր իրավասության դատարանի նախագահին՝ խնդրելով հետևել նշված գործով քննության ժամկետների պահպանմանը, իսկ հիմքերի առկայության դեպքում վերը նշված հոդվածի հիմքով համապատասխան եզրակացություն ներկայացնել դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով։

փաստաբան Նորայր Նորիկյան

Նշված գրությունից հետո Անի Մխիթարյանի կողմից նշանակվել է դատական նիստ՝ 2017թ․ ապրիլի 18-ին, որի ընթացքում մեր կողմից ներկայացվել է հայցադիմում՝ «Ընդհանուր գույքից պարտապանի բաժնեմասն առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և պարտապանի բաժնեմասի վրաբռնագանձում տարածելու» պահանջների մասին։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով Հայցադիմումը վերադարձնելու կամ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում չկայացնելու պայմաններում ԴԱՏԱՐԱՆԸ կայացնում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում, որում նշվում են նաև գործի քննության ժամանակը և վայրը, որից հետո ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված կարգով առանձին ակտի ձևով կայացված դատարանի որոշումը պարտավոր էր պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց` որոշումը կայացնելու օրվանից եռօրյա ժամկետում, որը մինչ օրս չի կատարել։
Այլ կերպ ասած, ԴԱՏԱՐԱՆԸ պարտավոր էր առնվազն ս.թ. ապրիլի 25-ին տեղեկացնել մեզ մեր կողմից ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու կամ այն ընդունելը մերժելու կամ վերադարձնելու մասին, որը մինչ օրս չի կատարել։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ ս.թ. հունիսի 12-ին համապատասխան գրություն ենք ներկայացրել լավագույն ԴԱՏԱՎՈՐ Անի Մխիթարյանին՝ խնդրելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ուղարկել «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը, որում նշված կլինի գործի քննության ժամանակն ու վայրը, սակայն պատասխան չենք ստացել։
Ս.թ. հուլիսի 3-ին նույն խնդրանքով կրկին դիմել ենք լավագույն ԴԱՏԱՎՈՐ Անի Մխիթարյանին, սակայն մինչ օրս որևէ պատասխան չենք ստացել։
Ավելին, նշված գործի վերաբերյալ ԴԱՏԱԼԵՔՍ տեղեկատավական համակարգում վեջին թարմացումը կատարվել է ս/թ մարտի 10-ին: Ստացվում է, որ սույն դիմումի ներկայացման պահին մենք որևէ տեղեկություն չունենք մեր՝ ավելի քան 3,5 ամիս առաջ ներկայացրած հայցի ճակատագրից:
Հարգելի՛ բարեկամներ,
Թե ինչ նպատակ է հետապնդում 2016թ․ տարվա լավագույն դատավոր ճանաչված Անի Մխիթարյանը՝ իրենից որևէ բարդություն չներկայացնող գործը 2 տարի 4 ամիս ձգձգելու համար, մենք ՉԳԻՏԵՆՔ, բայց որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, անհրաժեշտ ենք համարում հայտնել հետևյալը․
2014թ․ հուլիսի 1-ին նույն ԴԱՏԱՎՈՐ Անի Մխիթարյանը, քննության առնելով մեր վստահորդի հայցն՝ ընդդեմ վերը նշված գործով պատասխանողի՝ «Գումարի բռնագանձման պահանջի մասին», բավարարել է ամբողջությամբ և վճռել պատասխանող նշված անձից հօգուտ մեր վստահորդի բռնագանձել 11․640 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև այդ գումարի վրա հաշվեգրվող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները՝ սկսած 01.01.2014թ. մինչև պարտավորության դադարման օրը:
Վերը նշված վճիռը նշված անձի կողմից բողոքարկվել է ներպետական բոլոր դատական ատյաններում, սակայն մերժվել է, և ԴԱՏԱՐԱՆԻ վճիռը մտել է օրինական ուժի մեջ։
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից կատարողական գործողությունների արդյունքում, մինչ սույն դիմումի ներկայացման օրը մեր վստահորդին վճարվել է ընդամենը 64.500 ՀՀ դրամ գումար, ինչը նշանակում է, որ վերը նշված դատական ակտը մինչ օրս ամբողջությամբ չի կատարվել։

Իսկ ինչու՞ չի կատարվել դատական ակտը։

Չի կատարվել, քանի որ վերը նշված դատական ակտի կատարումից, ըստ էության, խուսափելու նպատակով և մեր խորին համոզմամբ՝ փոխադարձ համաձայնությամբ, մեր վստահորդի պարտապանի կինը 2015թ․ փետրվարի 17-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ամուսնու` (այսինքն մեր վստահորդի պարտապանին) «Ամուսնության ընթացքում ամուսինների կողմից ձեռքբերված գույքի նկատմամբ համատեղ սեփականություն իրավունքը ճանաչելու պահանջի մասին», որը նույն դատարանի 2015թ․ մարտի 30-ի որոշմամբ հանձնվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի քննությանը:
2015թ․ ապրիլի 14-ին  գործը մակագրվել է դատավոր Անի Մխիթարյանին, իսկ 2 օր անց հայցն ընդունվել է վարույթ  և 2015թ․ սեպտեմբերի 24-ին նշանակվել է նախնական դատական նիստ:
Նշված գործով ԴԱՏԱՐԱՆԻ կողմից արգելանք է կիրառվել մեր նշված անձի գույքի վրա,  ով պարտք է մեր վստահորդին, որի արդյունքում էլ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ կողմից որոշում է ընդունվել  մեր վստահորդի գործով հարուցված կատարողական վարույթը կասեցնելու մասին, ինչի պատճառով չի կատարվել դեռևս 2014թ. դեկտեմբերի 17-ին օրինական ուժ ստացած քաղաքացիական գործով վճիռը։
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ԴԱՏԱՎՈՐ Անի Մխիթարյանի կողմից գործի անհարկի ձգձգմամբ խախտվում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի  6-րդ հոդվածը (համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք), ինչպես նաև ՀՀ սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասը  (համաձայն որի՝ Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:)
Իրականում անհասկանալի և խիստ կասկածելի են ԴԱՏԱՎՈՐ Անի Մխիթարյանի կողմից՝ քննարկվող քաղաքացիական գործով դատական նիստերի նշանակման միջակայքը: Գործով դատական նիստ է նշանակվում միջինը 4,5 ամիս պարբերականությամբ, երբ նույն դատավորի մոտ քննվող այլ գործերով դատական նիստերը նշանակվում են միջինը 2 ամիս պարբերականությամբ: Այս համեմատությունը մենք կատարել ենք ԴԱՏԱԼԵՔՍ տեղեկատվական համակարգի միջոցով։ Նույն համակարգի միջոցով ուսումնասիրեցինք նաև նույն դատավորի վարույթում քննվող նույնանման պահանջով («Ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի բաժանման պահանջի մասին») քաղաքացիական մեկ ուրիշ գործ, որով ԴԱՏԱՎՈՐ Անի Մխիթարյանը հայցադիմումը վարույթ էր ընդունել 05.10.2016թ. և մինչև 09.06.2017թ. (այսինքն 8 ամսվա ընթացքում) արդեն նշանակել և կայացրել էև 6 դատական նիստ:
Գտնում ենք, որ ԴԱՏԱՎՈՐ Անի Մխիթարյանի կողմից իր վարույթում քննվող քաղաքացիական գործի անհարկի ձգձգումը և դատավարական կանոնների բազմակի խախտումներն ուղղակիորեն վնասում են ՀՀ արդարադատության շահերին և դատավորի համբավին, արատավորում են դատական իշխանության հեղինակությունը, նվազեցնում են հանրության վստահությունը դատարանի, դատավորի և ընդհանրապես արդարադատության արդյունավետության նկատմամբ, կասկածի տակ են դնում քննվող գործով իր օբյեկտիվությունն ու անկախությունը, ինչի հետևանքով մեր, ինչպես նաև մեր վստահորդի մոտ ողջամիտ կասկածներ են առաջացել հիշատակվող գործով ԴԱՏԱՎՈՐ Անի Մխիթարյանի՝ ենթադրյալ շահագրգռվածության վերաբերյալ, ուստի գտնում ենք, որ առկա են բոլոր իրավական հիմքերը Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ԴԱՏԱՎՈՐ Անի Մխիթարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:
 Անի Մխիթարյանի իրականացրած «արդարադատության» և «բարեխիղճ դատավորի» վարքագծի պատճառով մեր վստահորդի օգտին կայացված  դեռևս 2014թ. դեկտեմբերի 17-ին օրինական ուժ ստացած քաղաքացիական գործով վճիռը մնում է ՉԿԱՏԱՐՎԱԾ։
Հուսանք, որ ՀՀ արդարադատության խորհուրդը կգտնվի իր բարձրության վրա և համապատասխան վերաբերմունք կդրսևորի դատավոր Անի Մխիթարյանին  արդարադատության և բարեխղճության իրական սահմանները վերադարձնելու նպատակով։
Դիմումի հետագա ընթացքն ու արդյունքները խոստանում ենք նույնպես հրապարակել»։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել