Նորություններ

«Զվարթնոց» օդանավակայանում ՃՈ տեսուչները բռնության են ենթարկվել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Զվարթնոց» օդանավակայանում իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է:

Նախնական տվյալներով՝ 2017թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով կայանել է «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի դիմաց՝ երթևեկելի գոտու աջ հատվածում, որի համար օդանավակայանում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանության տեսուչներ Ա.Մարդոյանը և Գ.Ղանթարչյանը մի քանի անգամ բարձրախոսով զգուշացրել են՝ մեքենան կայանման համար արգելված գոտուց դուրս բերելու վերաբերյալ։ Քաղաքացին չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, ինչպես նաև չի ներկայացրել տեսուչների կողմից պահանջվող փաստաթղթերը, փոխարենը բարձրաձայն հայհոյել և բռնություն է գործադրել վերջիններիս նկատմամբ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում:

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է: Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և ամբողջական քննությունն ապահովելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտե

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել