Նորություններ

Մենք մի զոհ ունեցանք, դիրքը հետ վերցրինք. հատուկ ստորաբաժանման աղջիկ զինծառայող

Հատուկ նշանակության ստորաբաժանումում միայն տղաներ չեն, որ ծառայում են, աղջիկները ոչնչով չեն զիջում իրենց ընկերներին: Դեռ 25-ն էլ չբոլորած Անի Անանյանը (անունը փոխված է) արդեն հասցրել է պարգևատրվել Արիության մեդալով: Ժպիտով ու հումորով, շիկավուն մազերով, ապրող ու ապրեցնող հերոս Անին մասնակցել է նաև Ապրիլյան քառօրյա պատերազմին:

-Գանք ամենասկզբից: Քանի՞ տարի է, որ արդեն պայմանագրային զինծառայող ես ու առհասարակ ինչպե՞ս հայտնվեցիր այս ոլորտում:

-Ընդունվել եմ 2013 թվականին: Երբ քննությունները հանձնել ու պատասխանին էի սպասում, ընկերներիցս ասում էին, տես չես ընդունվելու, չես ընդունվելու, բայց ընդունվեցի ու արդեն 4 տարի է ծառայության մեջ եմ: Սկզբում գրաֆիկը շատ խիտ էր, ամեն ինչ նոր:

-Ընտանիքդ ո՞նց արձագանքնեց, երբ իմացավ մտադրությանդ մասին: Մտնել ԶՈՒ, այն էլ հատուկ նշանակության…

-Ընդունվելուց ծնողներս դեմ են եղել: Ընդունվել եմ ու միայն հրամանիս օրն են իմացել: Ասեցին՝ վերջն արեցիր ասածդ: Պապան ավելի ռիսկով էր, սկզբում չէր համաձայնվում, բայց որ տեսավ վերջնական որոշել եմ, ասաց՝ լավ: Բայց մաման մինչև հիմա էլ դեմա: Հիմա հարցնում են, թե՞ երբ եմ դուրս գալու: Բայց չեմ ուզում: 😀

-Բանակում աղջիկներն այնքան էլ շատ չեն ու տղաների համեմատ տարբերություն դնում են: Ինչպե՞ս ես կարողացել վաստակել գործընկերներիդ վստահությունը

-Ես շատ-շատ եմ պայքարել դրա համար: Մեր խմբում միակ աղջիկը ես եմ: Ու հասնել նրան, որ ինձ վստահեն նույնչափ, ինչ մյուսներին՝ դժվար էր: Մեզ մոտ աղջիկներից մեկն էլ, ասում էր՝ շատ ժամանկ չեն վստահում, մտածում են, որ հնարավոր է ինչ-որ օր խուսափես առաջադրանք կատարելուց, կամ վախենաս: Բայց ժամանակի հետ դա էլ անցնում է: Պետք է անես էնպես, որ մարդիկ քեզ վստահեն: Ես իրոք «կոտորվել» եմ դրան հասնելու համար, 😀 ու որ ոչ միայն վստահեն, այլ իմանան, որ ես այդ գործի համար պիտանի եմ:

Երբ նոր էի ընդունվել, խմբիս հրամանատարն ասում էր չէ, չի կարող լինել, իմ խմբում աղջիկ՝ բացառվում է: Բայց եղավ: Ու հիմա ինձ հավասար են արդեն նայում: Տարիքով էլ ամենափոքրը ես եմ:

Անին նաև համեղ պատրաստում է, գլուխ է հանում տնային բոլոր գործերից: Իսկ երբ հարցրի, թե ի՞նչ է բանակում սովորել, պատասխանեց՝ ամեն-ամեն ինչ: Ընկերների խոսքով էլ, շատ համառ է, եթե մի բան հանձնարարվում է՝ չի քնի, չի ուտի, ամեն ինչ մի կողմ կդնի, բայց կանի իրեն վստահված գործը: 

-Մարտական առաջադրանքներին ո՞նց եք արձագանքում:

-Ամենաչսպասված պահին կարող է գան ու առաջադրանք տան, որ քեզ նույնսիկ այդ րոպեին դա անհնարին թվա, անգամ ծիծաղելի, բայց պետք է անես: Ու անում ենք:

-Ռազմական գործողությունները սկսվեցին ապրիլի 1-ի գիշերը: Դուք ե՞րբ հասաք այնտեղ:

-Մենք էնտեղ արդեն խումբ ունեինք իհարկե: Հենց մեր խումբը տեղում է եղել ամսի 2-ի լուսադեմին, այսինքն մի քանի ժամ հետո: Սկզբում չէինք պատկերացնում՝ ինչ է կատարվում: Հեռուստացույցով բոլոր լուրերն արդեն դրա մասին էին, իսկ մենք չգիտեինք, ու հանգիստ ճանապարհ էինք գնում: Բայց մտանք Թալիշ, տեսանք տղամարդիկ կանանց ու երեխաներին գյուղից տանում են ավելի անվտանգ տեղ, նորից հետ գան: Գոռում էին թե՝ տանենք տղվարենք ետ գանք… Գնադակոծել էին ամեն ինչ:

Ճանապարհին մամաս էր զանգել ու անհանգիստ խոսում էր: Ասում էր հիմա ու՞ր ես, ես էլ փորձում էի հանգստացնել, ասում եմ՝ մամ, գնում ենք դասերի հետ գանք, ինչա եղե՞լ որ, ինչի՞ ես անհանգիստ: Մի կերպ համոզեցի, որ մարզերից մեկում եմ, ասացի հասնեմ կզանգեմ, ամեն ինչ նորմալա, չանհանգստանա:

-Ինչպե՞ս էր օրերն անցնում: Կպատմե՞ս հատկապես գիշերների մասին:

-Երեք գիշեր հաշված ժամեր ենք քնել:

Գիշեր էր: Խմբիս հրամանատարը հարցրեց, թե կարո՞ղ եմ աշխատել: Ասում եմ դե բա ի՞նչ անեմ, իհարկե կարող եմ: Մազերս հավաքել գլխարկի տակ էի դրել: Ասացին նորից կուտակումներ կան: Դիրք ունեինք վերցրած, պետք է հետ գրավեինք: Գիշերային սարքով նայում էինք՝ շարքով գալիս էին իրենք:

Մենք մի զոհ ունեցանք. դիրքը հետ վերցրինք:

Դիտարկման էինք բարձրացել. մեր պոստերից մեկի մոտ տեսանք երեք հոգի նստած էին, մեկը կորդինանտներն էր գրում, մյուսն արագ նավոդկա էր տալիս (տվյալներն էր փոխանցում), դե իհարկե դրանց հետո վերացրին, բայց դե…

-Ե՞րբ ու ինչպե՞ս հետ եկար:

-Ապրիլի 4-ին եկան ասացին, որ իջնեմ արդեն, հրամանատարն է ասել: Ասում եմ, ես ո՞նց գնամ, խումբս եթե չի իջնում ես ու՞ր գնամ: Հետո ասացին, որ թշնամու նկարահանող անօդաչու սարքերը նկատել են, որ աղջիկներ կան ու պետք չի էլ մնալ: Հրամանատարի հետ եմ վիճել, ասում էի, եթե ասելու էիք գնա, էլ ինչի՞ էիք ինձ բերել: Տղեքը ծիծաղում էին կռվիս վրա: Ուսապարկս արդեն հավաքել ու մեքենայում էին դրել: Մեզ հետ երկու վիրավոր էլ կար, հոսպիտալ էր պետք հասցնել: Ու հետ եկա:

-Ընտանիքիդ անդամները ե՞րբ իմացան, որ ոչ թե դասերի էիք, այլ կռվի հենց ամենաթեժ կետում:

-Մինչև հիմա էլ նորմալ չգիտեն: Ես ուրիշ բան եմ ասել: Ապրիլի 18-ին, երբ նախագահի կողմից պարգևատրումներ եղան, ես Արիության մեդալ ստացա: Վկայականը, երբ երեկոյան տուն բերեցի, մաման ասեց՝ դե բեր մենք էլ տեսնենք: Ու նորից համոզում էի, որ ես ոչ մի բանից տեղյակ չեմ եղել: Ասել են, որ պետք է ինչ-որ կոնֆերանսի մասնակցենք, ես էլ գնացել եմ: Բայց իրականում ես իսկապես տեղյակ չեմ եղել, որ պետք է պարգևատրվեմ:

Քեռիս էր տեսել էր, ճանաչել, զանգել խոսում էր հետս, ասում էի դե մամային չասես, իրան վատ կզգար հաստատ, շատ կանհանգստանար:

-Երբ քո ընտանիքն արդեն կազմես, կշարունակե՞ս ծառայությունդ:

-Մինչև չհայտնվեմ այդ իրավիճակում, չեմ կարող ասել: Երևի չէ: Երկուսն էլ կարևոր են շատ, ու մեկի հաշվին մյուսը չես կարող անել: Երկուսն էլ շատ ժամանակ ու ուշադրություն են պահանջում:

Լուսանկարները՝ Իրավաբան.net-ի արխիվից /ապրիլ, 2016թ

Ալիսա Չիլինգարյան

Կարդացեք նաև՝

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել