Նորություններ

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը դիմել է Սերժ Սարգսյանին՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու խնդրանքով

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով ուշադրության արժանացնել Ժիրայր Սեֆիլյանի գործով դատաքննությունը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանի գործունեությանը և դադարեցնել նրա լիազորությունները:

Բաց նամակի մեջ նշվում է. (ներկայացնում ենք կրճատումներով).

«Մեծարգո ՜ Նախագահ,
Տպավորված եմ Ազգային ժողովի 6-րդ գումարման ժամանակ արդարադատության իրականացման վերաբերյալ Ձեր ելույթից: Որպես արդարադատության իրականացման հետ գործնականում ամեն օր շփվող անձ, ես ավելի քան լավ եմ հասկանում Ձեր կոչը, որ յուրաքանչյուր մարդ արդարությունը պետք է պաշտպանի առնվազն այնպես, ինչպես մեր զինվորն է այսօր մեր սահմանը պաշտպանում։

փաստաբան Տիգրան Հայրապետյան

Մարդու իրավունքի պաշտպանության ոլորտով զբաղվող ցանկացած անձ պիտի ոգեշնչվի երկրի Նախագահի կողմից անարդարությանը տված նման գնահատականից, և պիտի հպարտությամբ առաջնորդվի դրանով իր գործունեության ընթացքում:

Մեծարգո ՜ Նախագահ,
Հրապարակայնորեն դիմում եմ Ձեզ ցանկանալով բարձրաձայնել մի ակնհայտ անարդարության մասին, որը վերջին օրերին լայնորեն կիրառվում է մեր միջավայրում և շարունակվում է ավելի բացահայտ ու ցուցամոլաբար կիրառվել: Նման անպատիժ վարքագիծը բնականաբար չարիք է, որին պետք է վերջ դրվի, հակառակ պարագայում այն վերածվելու է հիվանդության, որը հյուծելու ու թուլացնելու է արդարադատության իրականացման գործընթացը:

Չբացահայտելով և չմերժելով նման վարքգիծը մենք հեղինակազրկելու ենք արդարադատության իրականացումը, ինչն անդառնալի հետևանքներ է թողնելու ամբողջ դատական համակարգի վրա:

Խոսքը վերաբերում է հանրությանը քաջ հայտնի վերջերս սկսված հրապարակային դատավարություններին: Ժիրայր Սեֆիլյանի և վեց մեղադրյալների մասով գործը մակագրվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատավոր Տաթևիկ Գրիգորյանին, ով նորանշանակ դատավոր է: Չնայած այս գործով բավականին բարձր է հանրային հետաքրքրությունը, դատավարությունն անցնում է օրենքի բազմաթիվ կոպիտ խախտումներով: Չեն պահպանվում նույնիսկ քրեական դատավարության ամենահիմնարար սկզբունքները: Ամեն դատական նիստում դատավորը իրավաբանությանը անհայտ «նորամուծություններ է կատարում», ինչը դատավարության մասնակիցներին խորթ է և անհասկանալի:
Ամեն նիստում կոպտորեն խախտվում են դատավարական նորմերը, ընդ որում՝ այդ խախտումները ակնհայտ են: Դատավորի թույլ տված խախտումները հեղինակազրկում են արդարադատությունը և դրանք անհամատեղելի են դատավորի բարձր կոչման հետ:

Հենց դատավորի անձն է, որ իրականություն է դարձնում նրա անկախության բոլոր դատարանակազմական և դատավարական երաշխիքները: Եվ այդ անձը պետք է ընդունակ լինի դառնալու այդ բոլոր երաշխիքների լիիրավ և պատասխանատու սուբյեկտը:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը արդարադատություն իրականացնելիս չի դրսևորում մարդկային և բարոյական բարձր հատկանիշներ: Նա հենց դատական նիստում կշտամբում է դատավարական մասնակիցներին, անհարգալի արտահայտություններով վիրավորում իրենից տարիքով մեծ անձանց:

Միևնույն իրավիճակում Տաթևիկ Գրիգորյանը տարբեր վարքագիծ է դրսևորում և տարբեր որոշումներ կայացնում: Նիստերի ժամանակ դատավորը չի դրսևորում համեստություն, հանդուրժողականություն, զսպվածություն, ողջախոհություն:

Ավելին, նա նիստերը այնպես է վարում, կարծես ինքը ինչ-որ հիմնարկի ղեկավար է և հրամաններ է տալիս իր ենթականերին: Ընդհամենը 6 օր ընթացած դատական նիստերի ընթացքում Տաթևիկ Գրիգորյանը հարյուրավոր անգամներ խախտել է օրենքը, ոտնահարել քրեական դատավարության գրեթե բոլոր հիմնարար սկզբունքները, խախտել դատավարության մասնակիցների իրավունքները և գրեթե զրոյացրել հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ:

Ցանկանում եմ մատնանշել կոնկրետ փաստեր:

1. Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը արհամարհում և անտեսում է օրենքը: Նա կոտորեն ոտնահարում է քրեական դատավարության հիմնարար սկզբունքները: Քրեական գործերով դատավարության ընթացքում ցանկացած հարցի վերաբերյալ պաշտպանը իրավունք ունի հայտնելու իր կածիքը և դատավարության ընթացքում պաշտպանը ցանկացած ժամանակ իրավունք ունի իր առարկությունները ներկայացնելու նախագահող դատավորի անօրինական գործողությունների դեմ (ՀՀ քր. դատ. օր-ի 73 հոդվածի 1-ին մաս 21 և 19 կետեր):

Եթե այս սկզբունքը չլինի, ապա արդարադատության իրականացում չի կարող լինել, քանի որ նախագահողի գործողությունները չի ստուգվում պաշտպանի և դատախազի կողմից: Եթե այս սկզբունքը չլինի, ապա նախագահողի անօրինական գործողությունները կշարունակվեն մինչև վերջ, ինչը կնշնակի, որ դատավորը ոչ թե արդարադատություն է իրականացնում, այլ անօրինություն:

Արդարադատության իրականացման ընթացքում ամենամեծ ձեռքբերումներից մեկը դատավարության մրցակցայնության սկզբունքն է: Մինչդեռ Տաթևիկ Գրիգորյանի նորամուծություններից մեկը այն է, որ դատարանը գործը կարող է քննել առանց պաշտպանի մասնակցության, իսկ եթե պաշտպանը անգամ ներկա է դատավարությանը, ապա նա չի կարող իր կարծիքը հայտնել քննարկվող հարցի շուրջ, կամ իր առարկությունները ներկայացնել նախագահողի գործողությունների դեմ:

Սա է պատճառը, որ 8 պաշտպանների նկատմամբ անհիմն և անօրինական սանկցիաներ կիրառվելուց հետո նրանք այլևս չեն մասնակցում նիստերին, իսկ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը վերջին 4 նիստերը շարունակում է անցկացնել առանց 6 ամբաստանյալների և 8 պաշտպանների:

Կրկին խնդրում ենք միջոցներ ձեռնարկել, որ պաշտպանվի Ազգային ժողովի կողմից արդեն ընդունված օրենքը, խնդրում ենք պաշտպանել օրենքի հեղինակությունը և թույլ չտալ, որ օրենքը ոտնահարվի և անտեսվի:

Մինչ այս, երբեմն մեղադրանքներ էր հնչում որոշ դատավորների հասցեին այն բովանդակությամբ, որ նրանք այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի կամ օլիգարխի պատվերով դատական ակտեր են կայացնում, սակայն այս դեպքում Տաթևիկ Գրիգորյանը դատական ակտեր է կայացրել կարգադրիչների պատվերով, ինչը չի կարող անդառնալի հետևանքներ չունենալ դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի նվազման նկատառումներից:

Նման վարքագիծը անկասկած վնաս է հասցնում դատարանի նկատմամբ հարգանքի ձևավորմանը և չի կարելի այն արդարադատության իրականացում համարել»։

Նամակի բովանդակությանն ամբողջությամբ ծանոթացեք՝ այստեղ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել