Դատական դեպարտամենտը միայն 2018թ․ կկարողանա ձեռք բերել զննման սարքավորումներ

Հունիսի 30-ին փաստաբանների զննությանն առնչվող խնդիրներին տեղում ծանոթանալու համար Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան այցից անմիջապես հետո ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրություն էր ուղարկել ՀՀ դատական դեպարտամենտ: Գրությամբ Պալատի նախագահը մասնավորապես առաջարկել էր, որ հաշվի առնելով դատական կարգադրիչների կողմից փաստաբաններին զննելու ժամանակ առաջացած միջադեպերը և դրանց կանխման անհրաժեշտությունը, դատարանների շենքերն ապահովել զննության այնպիսի սարքավորումներով, որոնք փաստաբանների զննության ժամանակ կբացառեն կամ նվազագույնի կհասցնեն կարգադրիչների անմիջական միջամտությունը: Այս մասին հաղորդում են ՓՊ մամուլի ծառայությունից։

Ըստ աղբյուրի՝ Փաստաբանների պալատը ստացել է Դատական դեպարտամենտի պատասխանը, որից պարզ է դառնում, որ անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությամբ դատարանների ապահովումը շատ մոտ ապագայում լուծել հնարավոր չէ: Դեպարտամենտից տեղեկացրել են, որ 2018 թվականի բյուջետային հայտում նախատեսվել է զննման սարքավորումների, ինչպես նաև մետաղորսիչ սարքերի ձեռքբերումը, որի ֆինանսավորման դեպքում ՀՀ բոլոր դատարանները կապահովվեն համապատասխան զննության սարքերով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել