Կազատվեն պարտադիր զինծառայությունից

Այսօր կառավարության նիստին սպորտի և երիտասարդության նախարարի կողմից ներկայացվել է մի քանի անձի զինվորական պարտադիր ծառայությունից ազատելու վերաբերյալ հարց:

Նշվում է, որ սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել ՀՀ հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը:

Միջազգային մրցումներին մասնակցելը սպորտի զարգացման անբաժանելի բաղկացուցիչ մասն է: Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է համաշխարհային օլիմպիական շարժմանը, և առավել բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները հանդես են գալիս միջազգային մրցասպարեզներում՝ ամառային և ձմեռային օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում (մեծահասակների, երիտասարդների, պատանիների), ամառային և ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերում, համաշխարհային ունիվերսիադաներում, միջազգային մրցաշարերում և մեդալներ նվաճելով ու մրցանակակիրներ դառնալով՝ բարձր են պահում մեր պետության մարզական պատիվն ու հեղինակությունը:

 Արմեն Տիգրանի Պետրոսյանը սպորտային մարմնամարզության Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամ է, 2017 թվականի օգոստոսի 15-30-ը Թայվանի Թայբեյ քաղաքում մասնակցելու է 29-րդ համաշխարհային ուսանողական խաղերին և 2017 թվականի հոկտեմբերի 2-8-ը Կանադայի Մոնրեալ քաղաքում սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությանը: Անհրաժեշտություն է առաջացել 2017 թվականի ամառային զորակոչից նրան տարկետում տալ մինչև 2017 թվականի ձմեռային զորակոչը:

 Հրայր Հրաչի Ալիխանյանը և Ղազար Պետրոսի Համբարձումյանը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամներ են, որոնք 2017 թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 8-ը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում մասնակցելու են երիտասարդների աշխարհի առաջնությանը: Անհրաժեշտություն է առաջացել 2017 թվականի ամառային զորակոչից նրանց տարկետում տալ մինչև 2017 թվականի ձմեռային զորակոչը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել