Սյունիքում 9-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել մեքենայի վարորդին

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով 9-ամյա աղջիկ երեխային վրաերթի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել մեքենայի վարորդին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հուլիսի 21-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի Մ-2 ավտոմայրուղու 307-րդ կմ հատվածում խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհի երթևեկելի գոտում՝ համընթաց աջ ուղեմասում, վրաերթի է ենթարկել 2008թ. ծնված, Կապան քաղաքի բնակչուհուն, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից երեխան մահացել է, իսկ վարորդը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից դիմել փախուստի:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մեքենայի վարորդի ինքնությունը, ով հանդիսանում է 1991թ. ծնված երիտասարդ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել