Նորություններ

Սահմանային «Բավրա» անցակետի շինարարությունն ավարտական փուլում է

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը ՊԵԿ կառուցվածքային փոփոխություններից հետո աշխատանքային առաջին շրջայցն է կատարել վերակազմակերպված ստորաբաժանումներ՝ ծանոթանալու նոր աշխատաոճին: Նրա գնահատմամբ՝ կառուցվածքային փոփոխություններ իրականացնելը համակարգում անհրաժեշտությունն էր. «Արդյունքն արդեն տեսանելի կլինի առաջիկա ամիսներին՝ սպասարկման որակի բարձրացման և ստուգումների կազմակերպման տեսանկյունից և, ընդհանրապես, ՊԵԿ-ի գործառույթների պարզեցման առումով»:

2017 թվականի առաջին կիսամյակում ՊԵԿ-ին հաջողվել է հարկային եկամուտների էական աճ ապահովել: Վարդան Հարությունյանի տեղեկացմամբ՝ աննախադեպ ցուցանիշներ են արձանագրվել, մասնավորապես, հանքարդյունաբերության և առևտրի ոլորտներում: «Հարկային եկամուտներն առաջին կիսամյակում շուրջ 48 միլիարդ դրամով կամ 9.8  տոկոսով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքը: Հարկային մասով աճը կազմել է 33 միլիարդ, իսկ մաքսային մասով՝ 15 միլիարդ դրամ»:
Կոմիտեի ղեկավարը Վանաձորի և Գյումրիի ստուգումների ու սպասարկման բաժիններում ծանոթացել է նորաստեղծ կառույցների գործառույթներին, հետաքրքրվել գործընթացների պարզեցման և կազմակերպման ընթացքից: Վարդան Հարությունյանը հանձնարարել է սեղմ ժամկետներում  վերանայել աշխատոճը, բիզնեսից ևս ակնկալելով վարքագծի էական փոփոխություն: «Բազմիցս հնչեցվել է, որ պետական եկամուտների կոմիտեն բիզնեսի գործընկերն է, իսկ գործընկերոջը խաբելը պատվաբեր չէ: Անհրաժեշտ է, որպեսզի տնտեսվարողներն արագ վերանայեն իրենց վարքագիծը և ինքնուրույն վերականգնեն պետությանը չվճարած հարկերը»,-նշել է ՊԵԿ նախագահը: Նրա դիտարկմամբ, թեպետ բիզնեսը ՊԵԿ-ի ազդակներին ճիշտ արձագանք է տվել, այնուամենայնիվ, բացթողումներ  դեռևս նկատվում են. «Ամփոփելով առաջին կիսամյակի արդյունքներն, արձանագրում ենք, որ դեռևս կան ստվերում գործող հարկ վճարողներ: Այն տնտեսվարողներն, ովքեր փորձում են խուսափել թափանցիկ աշխատաոճից, նրանց նկատմամբ կիրառվելու է ավելի խիստ վարչարարություն»:

Վարդան Հարությունյանը ծանոթացել է նաև նորաստեղծ՝ Հյուսիսային մաքսատուն-վարչության գործառույթներին, ինչպես նաև հետևել Բավրայի նոր մաքսակետի  շինարարության ընթացքին: Շինհրապարակում կոմիտեի ղեկավարը հետաքրքրվել է նախագծային մանրամասներից, ըստ գործառույթների հստակեցրել ապագա անցակետի արդյունավետ գործարկման հնարավորությունը: Բավարար գնահատելով կատարված աշխատանքը, կոմիտեի ղեկավարը միաժամանակ խիստ հանձնարարական է տվել՝ Բավրայի նոր անցակետը նախատեսված ժամանակահատվածում շահագործման հանձնելու համար  սեղմ ժամկետներում շտկել առկա  խնդիրները և թերությունները:

Ի դեպ, Բավրայի անցակետը տարվա ընթացքում արդեն երրորդ ժամանակակից կառույցն է, որ կներակայացվի սահմանը հատողներին՝ Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված անցակետերից հետո:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել