Նոր գործիք՝ պետական գնումների ոլորտում շահերի բախման խնդիրները կանխարգելելու և բացահայտելու համար

Նոր գործիք՝ պետական գնումների ոլորտում շահերի բախման խնդիրները կանխարգելելու և բացահայտելու համար

«Միկմետալ» ընկերությունից պետությունը երկու տարի առաջ 9 բնակարան  գնեց՝ պետաշխատողների բնակարանային պայմանները բարելացվելու համար: Այս ընկերության 75 տոկոս բաժնեմասի սեփականատերը կիպրոսյան օֆշորում գրանցված մի ընկերություն է և դրա իրական սեփականտիրոջ հետքերը թաքնված են:

Սա ընդամենը մեկ օրինակ է: Իրավաբան.net-ը բազմաթիվ հոդվածներ է հրապարակել՝ պետական գնումների մրցույթներում հաղթող ընկերությունների իրական սեփականատերերի և շահերի բախման խնդիրների վերաբերյալ: 

Պետական գնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկերը կանխարգելելու նպատակով օրենսդրական մակարդակով կարգավորում տրվեց իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտին:

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և Հայաստանի քաղհասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից նախորդ տարվա գարնանը հետազոտություն կատարվեց այս ինստիտուտի վերաբերյալ, և դրա հիման վրա կառավարությանը ներկայացվեց օրենսդրական բարեփոխում կատարելու առաջարկություն: Այնուհետև կառավարության հետ երկխոսության և համագործակցության արդյունքում «Գնումների մասին» նոր օրենքում ներդրվեց պայման՝ գնումների մրցույթին մասնակցող անձը պետք է ներկայացնի ընկերության իրական սեփականատիրոջ վերաբերյալ հայտարարություն:

«Եթե մի ՀԿ ունի հմտություններ, որոնք կարող են օգտակար լինել, ապա մենք չպետք է զլանանք օգտվել այդ հմտություններից: Մենք երկու անգամ կլոր սեղան քննարկում ենք ունեցել, ՀԿ-ները առաջարկներ են ներկայացրել, որոնց մեծամասնությունը մենք իրականացրել ենք: Օրինակ, շահերի բախման ինստիտուտը օրենքում նախատեսված է»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը նշում է, որ օրենսդրական բարեփոխման իրենց առաջարկը վերաբերել է իրական սեփականատերերի բացահայտմանը՝ թե պետական գնումների, թե ազատ տնտեսական մրցակցության ոլորտում խաղացողներին. «Ի վերջո, կառավարությունը որոշեց, որ Հայաստանն ամբողջությամբ չի կիրառի, այն կներդնի դեռևս միայն պետական գնումների համակարգում»:

Օրենսդրական կարգավորումը

Վարդան Արամյանը հեղափոխական է համարում պետգնումների ոլորտում կատարված բարեփոխումները: Ինչ վերաբերում է կոնկրետ  այս ինստիտուտին,  նշում է. «Գնումների մրցույթին մասնակցող ընկերությունները պետք է ներկայացնեն, թե ովքեր են ընկերության իրական սեփականատերերը կամ այն անձիք, որոնք կարող են ազդել ընկերության որոշումների վրա»:  Իսկ երբ  բացահայտվում են պետգնման մրցույթին հայտ ներկայացրած ընկերությունների սեփականատերերը, գնահատման հանձնաժողովի անդամը պետք է ստորագրի, որ որևէ ընկերության հետ փոխկապակցվածություն չունի, հակառակ դեպքում՝ ինքնաբացարկ հայտնի:

Կարեն Զադոյանն ընդգծում է, որ օրենսդրական կարգավորման հիմնական նպատակը ընկերությունների ֆիզիկական անձ սեփականատերերի բացահայտումն է. «Գիտենք, որ ընկերության սեփականատեր կարող է լինել իրավաբանական անձ, որի սեփականատերը նույնպես կարող է իրավաբանական անձ լինել, որը գրանցված կլինի օֆշորային գոտում, և այդպես շարունակ: Այդպես թաքցվում են ընկերության թիկունքում կանգնած իրական սեփականատեր հանդիսացող ֆիզիկական անձիք»:

Այսպիսով, «Գնումների մասին» օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանվում է, թե պետական գնման մրցույթին մասնակցել ցանկացող անձը  հայտով ինչ պետք է պետք ներկայացնի.

«ա. իր հաստատած հայտարարությունը` գերիշխող դիրքի չարաշահման և հակամրցակցային համաձայնության բացակայության մասին.

բ.  այն ֆիզիկական անձի (անձանց) տվյալները, որը (որոնք) ուղղակի կամ անուղղակի ունի գնումների գործընթացին մասնակցող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում քվեարկող բաժնետոմսերի ավելի, քան 10 տոկոսը, ներառյալ՝ ըստ ներկայացնողի բաժնետոմսերը, կամ այն անձի (անձանց), որը (որոնք) իրավունք ունի (ունեն) նշանակելու կամ ազատելու մասնակցող իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամներին, կամ ստանում է այդ իրավաբանական անձի կողմից իրականացվող ձեռնարկատիրական կամ այլ գործունեության արդյունքում ստացված շահույթի 15 տոկոսից ավելին, իսկ վերջիններիս բացակայության դեպքում՝ գործադիր մարմնի ղեկավարի և անդամների տվյալները: Ընդ որում, եթե մասնակիցը հայտարարվում է ընտրված մասնակից, ապա սույն ենթակետով նախատեսված տեղեկատվությունը պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարության հետ միաժամանակ հրապարակվում է տեղեկագրում»:

Օրենքի կիրառությունը 

«Թրանսփարենսի Ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է, որ օրենսդրական մակարդակում այս ինստիտուտի ներառումը միանշանակորեն ռեֆորմ է գնահատվում: Սակայն առավել կարևոր է իրավական նորմի կիրառելիությունը, ինչի վերաբերյալ իրենց կազմակերպությունը ներկայումս մոնիտորինգ է կատարում և արդյունքների մասին առանձին զեկույցով կներկայացնեն:

Այս տարվա ապրիլի 25-ին «Գնումների մասին» նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո armeps.am և gnumner.am կայքերում հնարավոր է գտնել ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարություններ:

Armeps.am կայքի «Հայտեր» բաժնում ներկայացված են կոնկրետ գնման մրցույթներին մասնակցության հայտ ներկայացրած բոլոր ընկերությունների կողմից ներկայացված փաստաթղթերը, այդ թվում նաև իրական սեփականատիրոջ վերաբերյալ հայտարարությունը:

Օրինակ,  Արմավիրի մարզպետարանը վառելիքի ձեռքբերման մրցույթին (ծածկագիր՝ ՀՀ ԱՄ ԳՀԱՊՁԲ 02): մասնակցության հայտ են ներկայացրել «Սիփիէս Օիլ Քորփորեյշն», «Ֆլեշ» և «Մաքսհուր» ՍՊ ընկերությունները: Յուրաքանչյուրը համացանցում վերբեռնել է պահանջվող փաստաթղթերը, այդ թվում և իրական սեփականատիրոջ վերաբերյալ հայտարարությունը: Օրինակ, «Ֆլեշ» ՍՊ ընկերության հայտարարությունից տեղեկանում ենք, որ դրա սեփականատերերն են Բարսեղ Բեգլարյանը և Սեդա Մելիքսեթյանը: 

Նկատված խնդիր 1. Դիլիջանի քաղաքապետարանի կողմից հայտարարված միևնույն ապրանքի գնման մրցույթին (ծածկագիր՝ ՏՄԴՀ-ՀՄԱ-ԱՊՁԲ-17/1 ) նորից այս նույն 3 ընկերություններն են հայտ ներկայացրել, սակայն այս դեպքում հայտերում ներառված չեն իրական սեփականատիրոջ վերաբերյալ հայտարարությունները:

Իրավաբան.net-ի հարցին, թե արդյո՞ք վերահսկողական մեխանիզմներ մշակված են՝ իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարությունները չտեղադրելու կամ ոչ պատշաճ տեղադրելու դեպքերում, ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը պատասխանում է. «Վերահսկողությանը մեզ բոլորին է տրված: Պետական մարմինների դեպքում մենք հետևում ենք, որքանով ժամանակ ենք ունենում և այդ մարմինների նկատմամաբ ունենք պրեվենտիվ ֆունկցիա: Սա նաև հասարակական սեկտորին է թողնված՝ ՀԿ-ներին, լրագրողներին»:

Գնման մրցույթներում հաղթող ճանաչված ընկերությունների իրական սեփականատիրոջ վերաբերյալ հայտարարությունները տեղադրվում են նաև gnumner.am կայքում: Այդ հայտարարությունները կարելի է գտնել «Նոր օրենքով սահմանված գնումների հայտարարություններ» բաժնում:

Նկատված խնդիր 2. Այս կայքում բավականին բարդ է տվյալների որոնումը: Փոխնախարար Կարեն Թամազյանն էլ ընդունում է, որ կայքը «խճճված» է, նախատեսվում է կայքի նոր տարբերակը գործարկել օգոստոսին: Նոր կայքի դեպքում հնարավոր կլինի գնման մեկ գործընթաց փնտրել և տեսնել դրա վերաբերյալ բոլոր փաստաթղթերը՝ հայտերը, կազմված արձանագրությունները, հաղթողին և այլն:

Ընդհանուր առմամբ, երկու կայքերի դեպքում էլ դեռևս չկա այս տիպի տեղեկությունները փնտրելու ճկուն հնարավորություն (օրինակ, միայն ընկերության անունով փնտրել և գտնել):

Նկատված խնդիր 3. Ինչպես արդեն իսկ ընդգծվել էր, իրական սեփականատերերի բացահայտման այս ինստիտուտի հիմքում հենց ֆիզիկական անձ սեփականատերերի բացահայտումն է: Սակայն ընկերությունների կողմից ներկայացված հայտարարություններում կան այնպիսիք, որտեղ ներկայացված են դրանց սեփականատեր իրավաբանական անձիք:

Օրինակ, «Ռիխտեր Լամբրոն» ՍՊԸ-ի սեփականատերեր են նշված Երևանում գրանցված «Լամբրոն-Ֆարմիմպրեքս» ՍՊԸ-ն և Բուդապեշտում գրանցված «Գեդեոն Ռիխտեր» ԲԸ-ն: 

Կարեն Թամազյանն այս հարցի վերաբերյալ նշում է, որ ֆիզիկական անձանց բացահայտման խնդիրը չպետք է բարդել պետական գնումների ոլորտի վրա՝ այդպիսով համակարգը կծանրաբեռնվի և արդյունքներն էլ բավարար չեն լինի: Միևնույն ժամանակ, Կարեն Զադոյանի խոսքով, այս մասով չի կատարվում օրենքի դրույթը:

Ավելի քան 7 տարի պետական գնումների մոնիտորինգով զբաղվող փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը Իրավաբան.net-ի զրույցում բարձրացնում էր այն խնդիրը, որ հաճախ պետական կառույցները գնումներ են կատարում Արցախում գրանցված կազմակերպություններից, իսկ Արցախի իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալները մատչելի չեն և կանգնում ես պատի առջև, երբ փորձում ես հասկանալ, թե ովքեր են հաղթող ընկերությունների իրական սեփականատերերը:

Այս մասով սակայն խնդիրը լուծված է համարվում: Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու պահանջը վերաբերում է ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ դրա սահմաններից դուրս գրանցված և գործող ընկերություններին:

Օրինակ, «Ֆոտոն» ՍՊ ընկերության դեպքում նշվում է, որ իրական սեփականատերը Արցախի գրանցում ունեցող Նելլի Պետրոսյանն է:

Ակնկալվող արդյունքների մասին

Այսպիսով, օրենսդրական կարգավորման արդյունքում, պետական կառույցներին և հասարակությանը գործիք է տրվել հետևելու, թե ովքեր և ինչպես են մասնակցում պետական գնումներին, բացահայտել շահերի բախման խնդիրները:

«Կարծում եմ, որ 1-2 տարի հետո եզրակացություններ կարվեն արդյունքների մասին: Ես վստահ եմ, որ արդյունքներ կլինեն: Երբ բացահայտեն իրական սեփականատերերին, ապա մյուս պետական մարմինները՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կամ հետագայում ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, երբ կունենա լծակներ, խնդիրը կտեսնի, քննության կառնի և իրավական ընթացք կապահովվի՝ խախտումների և շահերի բախման դեպքերում»,- նշեց Կարեն Զադոյանը:

Ի դեպ, Եվրոպական միության Փողերի լվացման դեմ 4-րդ  դիրեկտիվը սահմանում է, որ Եվրոպական միության բոլոր անդամ երկրները պարտավոր են ստանալ և պահպանել իրենց տարածքում գրանցված ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ համաչափ, հստակ և թարմ տեղեկատվություն։ Անդամ երկրները նաև պարտավոր են ապահովել իրական սեփականատերերի գրանցման կենտրոնական ռեգիստրի առկայությունը։ Այս պարտավորությունների կատարման վերջնաժամկետ է նախատեսված 2017 թվականի հունիս ամիսը։

Սրա վերաբերյալ Կ. Զադոյանը հայտնեց. «Կարծում ենք, որ այս բարեփոխումը իրականացնելով՝ Հայաստանը դարձավ առաջին երկրներից մեկը, որի փորձի փոխանակման համար կարող են այցեր կատարվել, ուսումնասիրություններ կատարվել, Հայաստանի փորձը կարող է համարվել առաջատար՝ եվրոպական մայրցամաքում»:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել