Նորություններ

Այս տարի ԵՊՀ է ընդունվել 2545 դիմորդ

ԵՊՀ ընդունելության 1-ին և 2-րդ փուլերի արդյունքների համաձայն՝ Մայր բուհ է ընդունվել 2545 դիմորդ, որոնցից 420-ը սովորելու են պետպատվերի շրջանակում, մյուսները՝ վճարովի հիմունքներով: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ-ի պաշտոնական կայքից:

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 2017-2018 ուստարում՝ ընդունելության առաջին և երկրորդ փուլերի ընթացքում, ԵՊՀ է դիմել 2791 դիմորդ, որը կազմում է հանրապետության՝ միասնական համակարգով քննություններ հանձնող դիմորդների շուրջ 30%-ը. «Դպրոցների շրջանավարտների թվի նվազմամբ պայմանավորված՝ վերջին տարիներին բուհ ընդունվողների թիվը էականորեն նվազել է, սակայն մենք փորձում ենք հանրապետության դիմորդների 30%-ի շեմը պահել: Ինչ խոսք, այդ ամենին նպաստում է հետևողական և մեծ աշխատանքը հանրապետության ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտների հետ»:

Ինչ վերաբերում է որոշ մասնագիտությունների գծով քիչ դիմորդներ ունենալու խնդրին, ապա այս տարի ամենացածր ցուցանիշներն ունեցել են Քիմիայի, Ռուս բանասիրության և Աստվածաբանության ֆակուլտետները: Իսկ ամենաշատ թվով դիմորդները եղել են «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Միջազգային հարաբերություններ», «Իրավագիտություն» մասնագիտությունների գծով:

Վ. Գալստյանը տեղեկացրեց, որ իրենք իրենց առջև խնդիր են դրել՝ ստեղծել բոլոր անհրաժեշտ նախադրյալները դիմորդների կայուն հոսքը ապահովելու համար՝ հնարավորինս գնահատելով նաև ժողովրդագրական բացասական միտումները և միջավայրային այլ գործոնների ազդեցությունները:

Հարկ է նշել, որ ընդունելության մրցույթի արդյունքներն ու ընդունված դիմորդների անվանացանկը հուլիսի 14-ից տեղադրված են ԵՊՀ պորտալի «Դիմորդ» կայքում:

Ընդունելության մրցույթի արդյունքների հրապարակումից հետո սկսվել էր թափուր տեղերի համար մրցույթը: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 20-ն էր: Այս տարվա ընդունելության երրորդ փուլին դիմել է 58 հոգի: Հայտագրված 52 մասնագիտություններից 38-ում առկա են 800-ից ավելի թափուր տեղեր:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել