Քննություն է տարվում՝ պարզելու հոգեբան, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հոգեբան, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2017 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել առ այն, որ «դեմքի կտրված վերք, բազմաթիվ կտրված վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, հոգեբանական կենտրոնի հոգեբան Ռուբեն Պողոսյանը՝ ծնված 1947թ.:

Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ռ.Պողոսյանին մարմնական վնասվածքները պատճառվել են վերջինիս աշխատասենյակում՝ պրոֆեսորի այցելուներից մեկի կողմից՝ սուր-կտրող առարկայով:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որը հուլիսի 20-ին վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նույն օրը թիվ 1 համալսարանական հիվանդանոցից տեղեկացրել  են, որ Ռ.Պողոսյանը հիվանդանոցում մահացել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ հայտնաբերել և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել