Փորձում են ապամոնտաժել Ֆիրդուսի շուկան. վաճառողները չեն լքում իրենց տաղավարները

Այսօր վաղ առավոտից Ֆիրդուսի շուկայում վաճառողներն ու քաղաքապետարանի աշխատակիցները վիճաբանության մեջ էին. ապամոնտաժում են շուկայի տարածքը:

Վաճառողներից շատերը դեմ են իրենց առևտուրը դադարեցնելուն, նրանք հրաժարվում են լքել իրենց տաղավարները.  «Ես 12 տարի է էստեղ եմ, նույնն էլ իմ կողքի աշխատողները, մենք արդեն մի ընտանիքի պես են դարձել, ավելի շատ իրար հետ ենք լինում քան տանը, մեր հաճախորդները ուղիղ մեզ մոտ են գալիս, գիտենք, ով ինչ է ուզում, հիմա մեզ հանում են էստեղից ու ուր էլ գնանք պետք է 0-ից սկսենք հաճախորդ հավաքել».-մեզ հետ զրույցում հայտնեց շուկայի աշխատակիցներից մեկը:

Տեղում էին նաև քաղաքապետարանի աշխատակիցները, ովքեր փորձում էին վաճառականների հետ համաձայնության գալ: Մեր այն հարցին, թե որքա՞ն ժամանակ է տրվել տաղավարները հավաքելու և տարածքը լքելու համար, քաղաքապետարանի աշխատակիցը հայտնեց, թե իրեն թվում է, որ նրանք այդպես էլ դուրս չեն գա այդտեղից:

«Բանակցություններ տարվել են, ասել ենք, բայց չեն գնում, արդեն երկու ամիս է տեղյակ են սրա մասին, ու եթե մենք 6 ամիս առաջ էլ ասեինք, միևնույն է գալու էինք ու էլի նույն վիճակը լիներ»,-հայտնեց քաղաքապետարանի աշխատակիցը, ով այդպես էլ չներկայացավ՝ նշելով, որ իրավասություն չունի հարցերին պաշտոնական պատասխաններ տալուն:

Վաճառականները նշում են նաև, որ իրենց համար տարածքը ևս շատ հարմար է, բոլորը տեղը գիտեն, քաղաքի կենտրոնական հատվածում է ու հարմար բոլորին:

Ըստ տեղում գտնվող քաղաքապետարանի աշխատակիցների տեղեկությունների, խնդրով զբաղվում է քաղաքապետ Դավիթ Օհանյան, ում էլ միջնորդել էին մի որոշ ժամանակով դադարեցնել քանդման աշխատանքները:

«Մենք մինչև տարվա վերջ ժամանակ ենք խնդրել, ասացին հնարավոր չի: Խնդրել եմ ասել եմ, պարոն Օհանյան մեզ ժամանակ տվեք, որ տեղ գտնենք, մեր հաճախորդին էլ տեղեկացնենք, ուր ենք գնում, որ գնո բոլոր հաճախորդներին չկորցնենք: Հիմա եկել ասում եք, պետքա դուրս գանք, հասկանում եք քանի ընտանիք է քանդվում…»,-ասաց շուկայի աշխատակիցներից մեկը:

Նշենք, որ այդ ընթացքում հատուկենտ հաճախորդներ դեռ մտնում էին շուկա և փորձում մի քանի բաց տաղավարներից առևտուր անել:

Լուսանկարները՝ Ալիսա Չիլինգարյանի

Իրավաբան.net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել