Պետական դավաճանության մեջ մեղադրվողը մեղքը չի ընդունում

Պետական դավաճանության գործով այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց դատավարությունը:

Հիշեցնենք, որ այս՝ Ռաֆիկ Պապոյանի և մյուսների դեմ հարուցված քրեական գործով առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, արդեն իսկ դատավճիռ կայացվել էր: Դատարանը Ռաֆիկ Պապոյանին (Սերգեյ Պապոյանի հայրը) դատապարտել է 14 տարվա ազատազրկման, իսկ Կարինե Ղումաշյանը՝ 12 տարվա ազատազրկման: Իսկ Սերգեյ Պապոյանին արդարացրել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Սակայն վերաքննիչ ատյանը բեկանել է դատական ակտը՝ արդարացման մասով, և ուղարկել նոր քննության:

Այսօր դատարանը, նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, նախ ճշտեց ամբաստանյալ Սերգեյ Պապոյանի ինքնությունը: Վերջինս ասաց, որ փաստացի ամուսնացած է, 2 մանկահասակ երեխա ունի: Իր խնամքին են կինը, երեխաները, մայրն ու տատը, թեև ինքը չի աշխատում, աշխատանք չի կարողանում գտնել:

Նա հայտնեց նաև, որ իր մեղքը չի ընդունում: Մեղադրողի հարցին, թե ինչո՞վ է հիմնավորում չընդունելը, պատասխանեց, որ իրեն մեղսագրված արարքը չի կատարել:

Այսօր որոշվեց նաև ապացույցների հետազոտման կարգը:

Սերգեյ Պապոշյանի պաշտպան Սուրեն Մնացականյանը դատարանին միջնորդեց իր պաշտպանյալի անձնագիրը վերադարձնել, քանի որ արդարացման դատական ակտի կայացումից հետո նրա հանդեպ խափանման միջոց չի ընտրվել: Սակայն դատարանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ սակայն այդ արդարացման ակտը բեկանված է:

Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն, Սերգեյ Պապոյանը Թուրքիայում բնակվող հոր` Ռաֆիկ Պապոյանի ուղղորդմամբ Թբիլիսիում հանդիպել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակից՝ Սեյրան անունով ներկայացած անձի հետ և հավաքագրվել վերջինիս կողմից,  տրամադրել է  Արցախի Մարտունու շրջանում որպես հետախույզ ժամկետային զինծառայության ընթացքում իր կողմից տիրապետած տեղեկություններ:

Սեյրանը նրան վճարել է 750 դոլար գումար և առաջադրանք տվել ընդունվել պայմանագրային ծառայության Մատաղիսի զորամասերից մեկում և տեղեկություններ հայտնել այդ զորամասի մասին «Սկայպ» ծրագրի կամ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարում՝ փաստաբան Սուրեն Մնացականյանը

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել