Գործադիրում ցանկանում են ձևավորել սոցիալական աշխատողների պրոֆեսիոնալ անձնակազմ

Սոցիալական ծառայություններ տրամադրող տարբեր մարմինների և կազմակերպությունների աշխատողների որակավորման բարձրացումն իրականացվում է վերապատրաստումների կամ «Սոցիալական աշխատանք» հատուկ դասընթացների միջոցով: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ձևավորել սոցիալական աշխատողների պրոֆեսիոնալ անձնակազմ: Այս մասին ասվում է «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի մասին հակիրճ բնութագրվում։

Օրենքի նախածով նախատեսվում է սոցիալական աջակցության բնագավառում իրականացվող աշխատանքները դնել պրոֆեսիոնալ հիմքերի վրա: Սոցիալական աջակցության համակարգում նախատեսվում է, որ աշխատելու են «սոցիալական աշխատող» որակավորում ունեցող անձինք: Միաժամանակ, ձևավորվում է մասնագիտական (պրոֆեսիոնալ) հանրություն՝ ինքնավար մի ինստիտուտ՝  սոցիալական աշխատանքի մասնագետների պալատ, որին օրենքի ուժով վերապահվում է սոցիալական աշխատանքի մասնագիտական պատշաճ մակարդակ ապահովելու լիազորությունները:

Կատարելագործվում է նաև սոցիալական աշխատողների մասնագիտական գիտելիքների որակավորման գործող ընթացակարգը, մասնավորապես, ներդրվում է արտոնագրման համակարգ, որը հնարավորություն կտա նաև բարձրացնել տրամադրվող սոցիալական ծառայությունների որակը:

Նախագծով կարգավորվում են սոցիալական աշխատողի կարգավիճակի, սոցիալական աշխատանքի մասնագիտացման, վերապատրաստման, արտոնագրման, սոցիալական աշխատանքի մասնագետների պալատի կազմավորման հետ կապված հարաբերությունները:

Նախագծի մշակման աշխատանքներում մասնակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչությունը։
Նախագծին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել