Նորություններ

Տարոն Մարգարյանը՝ «Վեոլիա Ջուր» ընկերության ոչ պատշաճ աշխատանքների մասին

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով վերջին շրջանում ջրամատակարարման ժամանակացույցի առնչությամբ համաքաղաքացիներից ստացվող դժգոհություններին, աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, «Վեոլիա Ջուր» ընկերությանը, վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ուսումնասիրել խնդիրն ու ապահովել անխափան ջրամատակարարում:

«Վերջին 5-6 տարիներին վարչական շրջանների մեծ մասում հաջողվել է հասնել 24-ժամյա ջրամատակարարման ապահովմանը: Սակայն այսօր ահազանգեր ենք ստանում մեր համաքաղաքացիներից, որ հատկապես երեկոյան և գիշերային ժամերին որոշ վարչական շրջաններում նկատվում են ժամանակացույցի խախտման և ջրանջատման դեպքեր: Սա ուղղակի անընդունելի է: Եթե տվյալ վարչական շրջանում հասել ենք 24-ժամյա ջրամատակարարման, ապա պարտավոր ենք պահել այդ ժամանակացույցը և ձգտել, որ մյուս վարչական շրջաններում ևս նման ցուցանիշ ունենանք, այլ ոչ թե հետընթաց գրանցենք»,- նշել է Տարոն Մարգարյանը՝ հանձնարարելով խիստ հսկողություն սահմանել նաև ջրի անհրաժեշտ ճնշումն ապահովելու ուղղությամբ:
Քաղաքապետն անդրադարձել է նաև «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքում փորված խրամուղիների պատշաճ վերականգնման խնդրին՝ նկատելով, որ նախկինում կատարված աշխատանքներից հետո ասֆալտբետոնե ծածկի վերականգնումն արվել է ոչ պատշաճ և առկա թերացումներն անհրաժեշտ է կարճ ժամանակում վերացնել: Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է խստորեն վերահսկել ինչպես այդ, այնպես էլ այսօր իրականացվող աշխատանքների պատշաճ կատարումը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել