Նորություններ

«ԳԱԶ 31»-ից՝ «Toyota Camry»․ Երևանի քաղաքապետարանը երեք թանկարժեք ավտոմեքենա է ձեռք բերել

Քաղաքապետարանի պաշտոնյաները «ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենաներից իջնում են և միանգամից նստում թանկարժեք «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։ Սա փոխաբերական նկարագրությունն է այն իրականության, որն այսօր ունենք, իսկ իրականությունը հետևյալն է՝ Երևանի քաղաքապետարանը հունիսի 6-ին պայմանագիր է կնքել «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հետ՝ նախատեսելով ձեռք բերել 2017թ․ արտադրության «Toyota Camry» մակնիշի նոր ավտոմեքենա, այն էլ՝ երեքը։

Այս գնման ընթացակարգը եղել է հետևյալ հաջորդականությամբ՝ միայն մեկ մասնակից է հայտ ներկայացրել, բնականաբար այն բավարարվել է ու պայմանագիր է կնքվել։

Պայմանագրի համաձայն՝ մեկ ավտոմեքենայի գինն է 11 մլն 640 հազար դրամ, որը համարժեք է 24 հազար ԱՄՆ դոլարի, երեք տրանսպորտային միջոցները հարկատուներին արժեցել են 34 մլն 920 հազար դրամ։

Ավտոմեքենայի տեխնիական բնութագրի համաձայն՝ դրա շարժիչի ծավալը 2․5լ է, հզորությունը՝ 181 ձիաուժ, ունի «կլիմատ կոնտրոլ» համակարգ, մոնիտոր, առջևի նստատեղերի տաքացման համակարգ, սրահը ձևավորումը ներառում է՝ փայտ և կտորե երեսվածքներ։

Նոր ավտոմեքենաներին տրվելու է նաև 36 ամսվա կամ 100 հազար կմ վազքի երաշխիք։

Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը ձեռք բերել հենց նոր և թանկարժեք ավտոմեքենաներ․ մեր գրավոր հարցմանը տեղական ինքնակառավարաման մարմնից պատասխանեցին, որ վերը նշված ավտոմեքենաները ձեռք են բերվել «փոխարինելու ֆիզիկական և բարոյական մաշվածքով թվով 3 ԳԱԶ 31 մակնիշի ավտոմեքենաներին, որոնց սպասարկումը այլևս արդյունավետ չէր, քանի որ պահանջում էր մեծ ծախսեր»։

Մեր մյուս հարցը, թե արդյոք քաղաքապետարանում քննարկվե՞լ է նոր մեքենա գնելու փոխարեն տրանսպորտային միջոց ձեռք բերել ՀՀ կառավարության պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացվածների շարքից, մնաց անպատասխան։ Բացի այդ, անպատասխան մնաց մյուս կարևոր հարցը, թե ում են սպասարկելու այդ ավտոմեքենաները, մենք խնդրել էինք նշել պաշտոնյայի անուն-ազգանունը, սակայն քաղաքապետարանից խուսափում են պատասխանել։

Պետք է հիշեցնել կառավարության մայիսի 26-ի նիստին տեղի ունեցածը, երբ քննարկվում էր ՀՀ արդարադատության ակադեմիայի համար նոր մեքենայի ձեռքբերման հարցը, առաջարկվում էր 8,5 մլն դրամ գումարն ուղղել այդ գնմանը, սակայն այդ ժամանակ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ Պետական գույքի կառավարման վարչությունում առկա են կրճատված մեքենաներ․ «Առաջարկում եմ գտնել համապատասխան մեքենա և առաջարկել, որ տեղափոխենք Պետգույքի վարչության բալանսից ակադեմիայի բալանսին՝ խուսափելով ավելորդ ծախսից»,- նշեց նա։

Գևորգ Թոսունյան

Իրավաբան․net

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել