Վերջին տարիներին դատարանները սուտ մատնության 533 քրեական գործ են քննել

Արդարադատության դեմ ուղղված հանցագործություններից ամենատարածվածը սուտ մատնությունն է։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի՝ սուտ մատնության հիմքով 2008թ․ առ այսօր դատարանները քննել են 533 քրեական գործ։

Մինչդեռ դատարան այդպես էլ չեն մտել այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են՝ ակնհայտ անարդար դատավճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը, ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը։ Ասել է, թե Հայաստանում ոչ մեկ երբևէ ակնհայտ անարդար կերպով չի դատապարտվել կամ էլ հակառակը՝ ազատվել պատժից, ինչպես նաև ոչ մեկ ապօրինի չի ձերբակալվել, կալանավորվել։ Հանուն արդարության, պետք  նշել, որ դատարաններից մեկում քննվել է մեկ քրեական գործ՝ հոդված 336-ի հիմքով, այն է՝ ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը։

Փոխարենը, դատարանները շատ են քննել մեղադրական թեքումով քրեական գործերը։ Օրինակ՝ ցուցմունք տալուց հրաժարվելու 30 քրեական գործ, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորման 21 գործ, հանցագործության պարատկման՝ 48, հանցագործության մասին չհայտնելու՝ 14, ազատազրկման վայրից փախուստի 39 քրեական գործ։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել