Նորություններ

Արարատի բնակչուհուն առևանգելու կասկածանքով ձերբակալվել է նախկին ամուսինը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով  ձերբակալվել է Արարատի մարզի բնակիչը՝  նախկին կնոջն առևանգելու կասկածանքով։

2017 թվականի հունիսի 30-ին հաղորդում է ստացվել առ այն, որ 2017 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Արարատի մարզի 30-ամյա բնակչուհին տանից դուրս է եկել՝ աշխատանքի գնալու նպատակով և չի վերադարձել:

Հաջորդ օրը՝ 2017 թվականի հուլիսի 1-ին, Արարատի մարզի 30-ամյա բնակչուհին  ներկայացել է և հայտնել, որ 2017 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, իրեն առևանգել է  նախկին ամուսինը՝ 2 ընկերների հետ և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով տարել  դեպի Այնթապ գյուղի գերեզմանատուն, որից հետո ընկերները հեռացել են։ Ըստ կնոջ հայտարարության՝ ամուսինն առաջարկել է հաշտվել, ինչը մերժել է,  որից  հետո  իրեն գցել է ավտոմեքենայի բեռնախցիկի մեջ, տեղափոխել տարբեր վայրեր և պարբերաբար բռնություն գործադրել։

Սպառնալիքներից վախենալով՝ ի վերջո համաձայնել է հաշտվել և միանալ նախկին ամուսնու հետ, սակայն հաջորդ օրը՝ հուլիսի 1-ին,  պատեհ առիթ գտնելով՝ դիմել է փախուստի։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում:

Քրեական գործով 30-ամյա կինը ճանաչվել է տուժող։ Նախկին ամուսինը հայտնաբերվել է ձերբակալվել և հարցաքննվել դեպքի շուրջ։ Կատարվել է նաև առերես հարցաքննություն:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել