Դատ՝ առանց ամբաստանյալների․ «Սասնա ծռերի» գործով դատաքննությունը կրկին զուգորդվեց սանկցիաներով

«Սասնա ծռերի» երկրորդ խմբի գործով 18 ամբաստանյալներից 16-ն առաջին իսկ դատական նիստի ընթացքում ժամանակավորապես հեռացվեցին դատաքննությունից։

Հիշեցնենք՝ այս անձիք, ըստ մեղադրական եզրակացության՝ 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել են շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ են վերցրել և պահել երկուսից ավելի անձանց: Նրանցից մի քանիսին բացի այդ առաջադրվել է մեղադրանք ՊՊԾ գնդի տարածքի բանկոմատը թալանելու, իսկ Վարդգես Գևորգյանին՝ տանը թմրամիջոց և զինամթերք պահելու համար։ Նկատենք, որ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու գործով անցնում է 60 անձ։ Նմանաբնույթ մեկ այլ գործով անցնում են Պավել Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը, Վարուժան Ավետիսյանը և այլք։

Հուլիսի 3-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը ոտքի չկանգնելու, այսինքն՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար սանկցիա կիրառեց՝ Հովհաննես Հարությունյանի, Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Գևորգ Իրիցյանի, Տիգրան Սարգսյանի, Թաթուլ Թամրազյանի, Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Տիգրան Մանուկյանի, Մարտիրոս Հակոբյանի (Դեդ), Թորոս Թորոսյանի, Մանվել Աթոյանի, Վարդան Գերավետյանի և Վարդգես Գևորգյանի նկատմամբ, նրանք ժամանակավորապես հեռացվեցին դատաքննությունից: Մյուս երկու ամբաստանյալները, այդ թվում՝ Պավել Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, սանկցիայի չենթարկվեցին, քանի որ առողջական խնդիրներ ունեն։

Մեկ այլ ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանն արդեն իսկ ստացել էր նախազգուշացում առանց դատավորի թույլտվության խոսելու համար, Կյուրեղյանը շարունակում էր չենթարկվել Արտուշ Գաբրիելյանի պահանջներին, ուստի արժանացավ նույն սանկցիային՝ հեռացվեց դատաքննությունից։

Սանկցիաներից զերծ չմնացին փաստաբանները։ Մինչ դատական նիստի մեկնարկը փաստաբաններ Մոնիկա Մարգարյանը և Ինեսսա Պետրոսյանը փորձում էին մուտք գործել շենք, սակայն զննության ընթացքում կարգադրիչների մետաղաորսիչները ազդանշան տվեցին փաստաբանների պայուսակներում մետաղյա իրերի առկայության մասին։ Իննեսա Պետրոսյանը հրաժարվեց իր պայուսակը բացել, նույնն արեց նաև Մոնիկա Մարգարյանը, դատական կարգադրիչները խնդրեցին նրանց մետաղյա իրերը թողնել դուրսը որևէ անձի մոտ կամ էլ դատարանի հատուկ պահպանվող տարածք, սակայն պաշտպանները դեմ էին, ուստի ներս չմտան։

Ավելի ուշ դատարանը «Սասնա ծռեր»  խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանին պատասխանատվության ենթարկելու համար սանկցիա կիրառեց՝ դիմելով ՀՀ փաստաբանների պալատ։ Ընդմիջումից հետո եկավ ու հայտարարեց, որ պատրաստվում է նիստից բացակայող մյուս փաստաբանների նկատմամբ ևս սանկցիա կիրառել, այսպիսով դատարանը գնաց խորհրդակցական սենյակ հարցը որոշելու համար։ Վերադառնալով նա սանկցիաների ենթակա փաստաբանների շարքին ավելացրեց Նինա Կարապետյանցին, Արայիկ Պապիկյանին և Դավիթ Գյուրջյանին:

Ի դեպ, ամեն սանկցիայից հետո դատավորը հայտարարում էր ընդմիջում կես կամ մեկ ժամով։ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի տարածքում, որտեղ ընթանում է դատաքննությունը, ամենուրեք ոստիկանական մեքենաներ էին, իսկ դատարանի շենքի անցագրային կետում ինքնաձիգերով զինված ոստիկաններ են շրջում։

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել