Ամբաստանյալները դատարան չէին բերվել

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության 6-րդ բաժնի նախկին պետ Արամ Հովսեփյանի, պետի տեղակալ Գագիկ Մազմանյանի ու երկու աշխատակիցների գործով դատավարությունը: Սակայն նիստը հետաձգվեց:

Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հայտնեց, որ այսօր «Սասնա ծռերի» քրեական գործով դատավարությանը ամբաստանյալների ներկայությունն ապահավելու հետևանքով ոստիկանության ուղկեցող գումարտակի գերծանրաբենռվածության պատճառով չի հաջողվել այս գործով անցնող ամբաստանյալներին քրեակատարողական հիմնարկից դատարան բերել:

Նշենք, որ կալանքի տակ են ամբաստանյալներ Արամ Հովսեփյանը և Գագիկ Մազմանյանը:

Դատավոր Արշակ Վարդանյանը հայտնեց նաև, որ այս գործով մեկ այլ մեղադրող պետք է ներգրավվի, քանի որ նախորդ մեղադրող Հայկ Հակոբյանը ազատվել է աշխատանքից և դուրս է եկել դատախազական համակարգից:

Նշենք, որ, համաձայն գործի նյութերի,  նրանք տեղյակ են եղել, որ  Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի սանիկը՝ «Տապինո» ընկերության տնօրեն Ռուզաննա Աբրահամյանը  հարկային տեսչություն է ներկայացրել ակնհայտ խեղաթյուրված տվյալներով հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր և այդպիսով   չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկերը պետական բյուջե վճարելուց: Ըստ Ռուզաննա Աբրահամյանի տված ցուցմունքի՝ այդ ամենը կատարվել է իր կողմից խոշոր չափերի հասնող՝ տասնյակ հազարավոր դոլարների կաշառքներ տալու միջոցով: Հանցագործությունը կատարվել է 2007-2008 թվականներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել