Նորություններ

Գողություն օծանելիքի խանութից

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու օծանելիքի խանութից գողություն կատարած անձի ինքնությունը։

Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 18-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Հյուսիսային պողոտայում գործող օծանելիքի խանութից գաղտնի հափշտակել է օծանելիք՝ պատճառելով նյութական վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են օծանելիքի խանութի սրահի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութում երևում է, թե ինչպես է ջինսե տաբատով, ակնոցներով, սև շապիկով մի երիտասարդ խանութի ներսում` ցուցափեղկից, վերցնում ինչ-որ առարկա, դնում հագուստի մեջ և հեռանում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված երիտասարդին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ւրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել